02-06-2016 13:32

Բունդեսթագում մեկնարկեցին Հայոց ցեղասպանության բանաձևի շուրջ լսումները - ուղիղ

Գերմանիայի խորհրդարանի 173-րդ նիստում քննարկման է դրված Գերմանիայի իշխող ՔԴՄ/ՔՍՄ կոալիցիայի, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ու Կանաչների ներկայացրած բանաձեւը, որը 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ջարդերը ցեղասպանություն է որակում:

Նիստին ներկա չեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը, արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը:

Այս պահին, Բեռլինում Բունդեսթագի շենքի առջեւ, ընթանում է հայ համայնքի ակցիան, որի մասնակիցների ձեռքին կան Հայաստանի, ինչպես նաեւ Հունաստանի եւ մի շարք այլ երկրների դրոշներ: Ցուցարարները «ճշմարտության շղթա» են կազմել՝ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման:

Նշենք, որ բանաձեւում հստակ օգտագործվում է ցեղասպանություն եզրը: «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին». այսպես է վերնագրված բանաձեւը:

Հունիսի 1-ին Գերմանիայում բնակվող թուրքերը բազմահազարանոց ցույց են անցկացրել Բեռլինում` պահանջելով դեմ քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձեւին: Նրանք նաեւ Բունդեսթագի պատգամավորներին եւ բանաձեւը լուսաբանող լրագրողներին սպառնալից նամակներ էին ուղարկել: