Բավ է պառակտվել
22-10-2014 22:12

Ըստ վարչապետի՝ Հայաստանում իշխանափոխության որևէ հիմք չկա

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իշխանափոխությունը միայն ասելով չի լինում. դրա համար հիմքեր են պետք: «Ես այս պահին իշխանափոխության հիմքեր չեմ տեսնում: Ի՞նչ պահանջներ ունի ընդդիմությունը: Պետք է հիշեցնեմ, որ ընդդիմության ներկայացրած 12 կետին էլ մենք գրավոր պատասխանել ենք»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ Կառավարությունն այսօր ակտիվորեն աշխատում է, և պետք է էլ ավելի ակտիվ և արդյունավետ աշխատի։
Նա ընդգծեց, որ որևէ ճգնաժամ չի տեսնում, հակառակը՝ տեսնում է ավելի ընդգրկուն համագործակցություն քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի և խորհրդարանական խմբակցությունների հետ։ «Ես նրանց այսօր էլ եմ կոչ արել, որ միասին աշխատենք։ Եթե իրենց նպատակն է՝ մեր ժողովրդի, մեր երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին լուծում տալը, ապա ես դա տեսնում եմ միայն միասնական ձևով»,- շեշտեց Հովիկ Աբրահամյանը։