23-08-2017 15:43

Հայաստանում չկա իրական ընդդիմություն և դիմակայություն իշխանությանը. փորձագետ

Հայաստանում իրական ընդդիմություն՝ այդ բառի բուն իմաստով՝ չկա, նման համոզմունք է հայտնել « Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
«Գագիկ Ծառուկյանը կենտրոնամետ դիրք է գրավում, և նա կհամագործակցի բոլոր նրանց հետ, ում գաղափարները երկրի համար օգտակար է համարում: Նա փորձում է իր ձևով զարգացնել երկրի տնտեսությունը»,- չորեքշաբթի օրը կայացած ասուլիսին այս մասին ասել է Ադիբեկյանը:
Մյուս քաղաքական ուժերն ըստ սոցիոլոգի ևս ընդունակ չեն ռեալ քաղաքական դիմադրություն ցուցաբերել:
««Ելք» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ոչ մի ռեալ խնդիր չի լուծում: Եթե նա կանչի իր համախոհներին՝ մաքսիմում հարյուր հոգի կհավաքվի:
Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ ամրապնդել իր դիրքերը և օգտագործել 2013թ. նախագահական ընտրություններին իրեն ցուցաբերված վստահությունը: Իսկ այն ժամանակ նա հավաքել էր ձայների 35%-ից ավելին»,- ասել է Ադիբեկյանը:
Ելնելով վերոնշվածից, սոցիոլոգը հայտարարել է, որ քաղաքականությունից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի փաստացի հեռանալուց հետո գլխավոր ընդդիմադիրի տեղը շարունակում է թափուր մնալ:
« Չկա մեկը, ով կարող է կանգնել և «ոչ՛» ասել Հայաստանի իշխանություններին»,- եզրափակել է Ադիբեկյանը:
Նշենք, որ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում Խորհրդարան են անցել չորս քաղաքական ուժ՝ իշխող ՀՀԿ-ն (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (31) և «Ելք»-ը (9), ինչպես նաև ՀՅ Դաշնակցությունը(7 մանդատ):