Բավ է պառակտվել
09-08-2014 09:54

Կողմերից և ոչ մեկը չի ցանկանում թույլ թվալ մյուսի աչքերում.Ուորլիք

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով իրավիճակը շփման գծում նշել է, որ տարածաշրջանում տեղ գտնող բախումները փաստում են, որ հակամարտությունը այլևս սառեցված չէ։ «Փորձի՛ր բացատրել վիրավոր կամ զոհված զինվորի ընտանիքին, որ այս հակամարտությունը սառեցված է։ Բնավ, տիրող իրավիճակը մեզ մեծապես անհանգստացնում է, և անշուշտ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակը մեղմելու ուղղությամբ։ Առաջին քայլը նախագահների հնարավոր հանդիպումն է Սոչիում, և հուսով ենք, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել բախումները հայ - ադրբեջանական սահմանում, մենք հուսով ենք նաեւ, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել սադրիչ հայտարարությունները, որոնք չեն կարող որեւէ դրական առաջնթացի հանգեցնել»,- նշել է նա։
Հարցին՝ արդյոք կողմերը պատրաստ են խաղաղ բանակցելուն, համանախագահն ասել է. «Կարող եմ հավաստիացնել, երկու նախագահների հետ զրույցներ ունենալուց հետո, որ կողմերը ցանկանում են գտնել խնդրի խաղաղ լուծում, եւ մենք պետք է փորձենք ամեն կերպ նպաստել այս խաղաղ բանակցությունների հաջող ընթացքին՝ ցանկալի արդյունքի հասնելու համար, սակայն անհրաժեշտ է երկու նախագահների պատրաստակամությունը։ Այսպիսով, մեծ սպասելիքներ ունենք գործընթացի ապագա զարգացումներից, միևնույն ժամանակ անհանգստացած ենք ներկա կացությամբ։» Նա նկատել է, թե կողմերից և ոչ մեկը չի ցանկանում թույլ թվալ մյուսի աչքերում, սակայն իրենց համոզմունքը մնում է միայն մեկը, այն է ՝ խաղաղ բանակցություններ, այլ ոչ պատերազմ։