Բավ է պառակտվել
18-05-2016 11:55

Արտգործնախարար. Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է փաթեթային լինի

Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բանակցային գործընթացը վերսկսելու համար

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է փաթեթեային լինի` փուլային իրականացմամբ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Վերջին տարիներին բանակցային գործընթացի բոլոր փուլերում, այդ թվում կարծիքների փոխանակման փուլում, որևէ կասկած չկա, որ մոտեցումը միշտ եղել ու մնում է նույնը, և այդ մասին մենք բազմիցս խոսել ենք, այդ մասին ասել են նաև համանախագահները, այդ թվում նաև Լավրովը` կարգավորումը պետք է լինի փաթեթային` փուլային իրականացմամբ», — ասել է Նալբանդյանը` մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի առաջարկությունը, որ անհրաժեշտ է փուլ առ փուլ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչի մասին նա ասել է նախորդ երկուշաբթի Վիեննայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Իմ ռուս գործընկերը բազմիցս անձամբ պարզաբանել է, որ Լավրովի առաջարկի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չկա: Նա բազմիցս ընդգծել է, որ կարծիքների փոխանակումն իրականացվում է մտորումների, գաղափարի ձևակերպման, հանգուցալուծումների որոնման մակարդակով», — նշել է ՀՀ արտգործնախարարը:

Նալբանդյանի խոսքով` վերջին տարիների ընթացքում «մենք ինտենսիվորեն աշխատել ենք փոխզիջումային ձևակերպումների ուղղությամբ և նույնիսկ բազմիցս մոտ եղել հանգուցալուծմանը, սակյան ադրբեջանական կողմը նույնպես բազմիցս քայլ է կատարել դեպի հետ»:

«Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, որոնց մասին խոսվում է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի, ԱՄՆ պետքարտուղարի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի համատեղ հայտարարության մեջ` կապված հակամարտության խաղաղ կարգավորման հակվածության, 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրի պահպանման, հակամարտության գոտում ավելի արդյունավետ մոնիտորինգ անցկացնելու նպատակով սեղմ ժամկետներում հրադադարի խախտման հետաքննության անցկացման մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հնարավորությունների ընդլայնման մասին, անհրաժեշտ պայմաններ կստեղծի բանակցային գործընթացի վերսկսման, խնդրի կարգավորման չափորոշիչների համաձայնեցման և փոխհամաձայնեցված հանգուցալուծումներ գտնելու համար», — հայտնել է արտգործնախարարը:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով կարող ենք ակնկալել, որ Վիեննայի պայմանավորվածությունները կիրականանան, Նալբանդյանը նշեց. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորության մասին համանախագահները հայտնել են բազմիցս, այդ թվում` այդ երկրների նախագահների մակարդակով` նրանց կողմից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտնի հինգ հայտարարություններում: Հայաստանը ոչ միայն խոսքով, այլև գործով հաստատել է իր հավատարմությունը` խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելուն»:

«Համանախագահող երկրները բազմիցս կոչ են արել հակամարտող բոլոր կողմերին կատարել եռակողմ անժամկետ 1994-1995 թվականների հրադադարի պահպանման մասին համաձայնագրի պահանջները: Ադրբեջանն անդադար անտեսում էր այդ կոչերը, իսկ վերջին ամիսներին սկսեց, ես կասեի «պարտիզանական պատերազմ» այդ փաստաթղթերի դեմ միջազգային կազմակերպություններում` փորձելով նրանց գործողությունները կասկածի տակ դնել: Համանախագահներն անհապաղ ելույթ ունեցան համապատասխան արձագանքով ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում», — նշել է նախարարը:

«Միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության մասին ընդգծվել է բազմիցս, այդ թվում` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի երկու նախագահների 2011 և 2012 թվականներին Սոչիում ընդունած հայտարարությունների մեջ, և անցյալ տարի դեկտեմբերին Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքներով համանախագահ երկրների համատեղ հայտարարության մեջ: Ադրբեջանը մինչ օրս խոչընդոտում էր դրան», — ասել է Նալբանդյանը:

«Այն, որ համանախագահող երկրների նախարարներն առաջին անգամ էին մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովին, ցույց է տալիս, թե ինչ կարևորություն են տալիս համանախագահող երկրները նոր թեժացում չթույլատրելու, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման բանակցային գործընթացի վերսկսման համար պայմաններ ստեղծելու հարցերին: Հուսանք, որ Ադրբեջանը այս անգամ չի խափանի համանախագահող երկրների հույսերն ու միջազգային հանրության սպասումները», — նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: