19-05-2014 09:45

Արցախի Բերձոր քաղաքի բնակիչները ՄԽ ԵԱՀԿ համանախագահներին դիմավորել են բողոքի ակցիայով

Արցախի նախագահի հետ մեկ և կես ժամ տևած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ իրենց այցելության հիմնական շեշտը դրված է տարբեր շրջանների հետ ծանոթանալու, ինչպես նաև մարդկանց հետ շփվելու վրա, գրում է Aparaj.am-ը: Ըստ Իգոր Պոպովի համանախագահները պատրաստվում են հանդիպել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ սահմանում առկա իրավիճակը քննարկելու համար:
Համանախագահների հետ կայացած հանդիպման ժամանակ Արցախի նախագահը շեշտել է, որ Արցախի համար անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են և վերադարձ անցյալին` թե կարգավիճակի, թե սահմանների առումով, անհնարին է:
Ըստ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի, Բերձոր կատարած այցի ժամանակ անակնկալի են եկել. «Մենք հարգում ենք բնակչության իրավունքը, ովքեր խաղաղ ձևով ներկայացնում են իրենց իրավունքները: Ինձ համար անակնկալ էր երեկվա բողոքի ակցիան, այնուամենայնիվ, ես մեքենայից դուրս եկա և շատ օգտակար զրույց ունեցա բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Ես կարծում եմ, որ շատ օգտակար է իմանալ տարբեր կարծիքներ այս տեսանկյունից, լինելով Ղարաբաղում, ես իսկապես ծանոթացա տարբեր կարծիքների հետ և կարծում եմ, այն օգտակար կլինի»:
Ըստ Ուորլիքի չնայած կարող է անհամաձայնություն լինի, սակայն եթե բոլորս միասին աշխատենք կկարողանանք ինչ-որ ելք գտնել:
«Ես տպավորված եմ տեսնելով երիտասարդներին և բոլորիս պարտքն է, այնպես անել ամեն ինչ, որ այստեղ լինի խաղաղություն, որպեսզի նոր սերունդը ապրի խաղաղ պայմաններում»,- հավաստիացրել է ամերիկացի համանախագահը:
Անրադառնալով իր կողմից ներկայացված բանակցային 6 կետերի մասին, որոնց դեմ են արցախցիներն ասել է.. «Այն 6 կետերը, որոնք ես ներկայացրել եմ, դրանք նոր բան չեն և նախկինում էլ դրանց մասին խոսել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները: Իհարկե, սրանք վերջնական տարբերակներ չեն, դեռևս պետք է դրանք քննարկենք, սակայն դրանք կարող են հիմք հանդիսանալ հետագա կարգավորման համար: Կարծում եմ, որ սա անկեղծ երկխոսության հիմքն է»:
Շաբաթ օրը Բերձորում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել բողոքի ակցիա վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից հնչեցված Ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված կետերի դեմ: