24-10-2014 10:27

ԼՂ հակամարտության կարգավորումը կախված է ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքից

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքից, այլ ոչ ինչ-որ համաձայագրերից և դաշինքներից: 
Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հնարավոր ազդեցության մասին։ 
Համանախագահն ասել է, որ Հայաստանի կառավարությունն այդ մասին արդեն որոշում է կայացրել, և ինքը հարգում է այն: 
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է նախագահների քաղաքական կամքից, այլ ոչ ինչ-որ համաձայնագրերից ու դաշինքներից: Հույս ունենք, որ նախագահները, ուշադրության արժանացնելով վերջին հանդիպումները, հակամարտությունը կարգավորելու պարտավորություն կստանձնեն»,-ասել է Ուորլիքը: 
Համանախագահի խոսքով՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ամռանը տեղի ունեցած իրադարձություններից հետո իրավիճակը կայունացել է, բայց լարվածությունը շարունակվում է: