Բավ է պառակտվել
12-09-2016 08:42

ԱՄՆ-ն Երևանին և Բաքվին սահմանափակ քանակությամբ զենք է մատակարարում

ԱՄՆ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին սահմանափակ քանակությամբ պաշտպանական զենք է մատակարարում, սակայն Ադրբեջանի վերաբերյալ մեր Կոնգրեսի կողմից մանդատ կա, որը թույլ չի տալիս մեզ զենք մատակարարել, որը կարող է օգտագործվել ղարաբաղյան հակամարտությունում հարձակման նպատակով: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն տարբեր իրավիճակներում են: Ռուսաստանը երկարատեւ հարաբերություններ եւ բարեկամական կապեր ունի երկու երկրների հետ: Մենք հասկանում ենք հարաբերությունները: ԱՄՆ-ն նույնպես ցանկանում է սերտ հարաբերություններ հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, բայց այլ առանցքում: Մենք զենք չենք մատակարարում կողմերից ոչ մեկին: Մենք նրանց սահմանափակ քանակությամբ պաշտպանական զենք ենք մատակարարում: Սակայն Ադրբեջանի վերաբերյալ մեր Կոնգրեսի կողմից մանդատ կա, որը թույլ չի տալիս մեզ զենք մատակարարել, որը կարող է օգտագործվել ղարաբաղյան հակամարտությունում հարձակման նպատակով: Այդպիսով, մենք զենքի մատակարար չենք: Մենք ենթադրում ենք, որ ռազմավարական հարաբերություններ ունենք երկու երկրների հետ»,- նշել է Ուորլիքը:

«Մենք բոլոր հարցերը քննարկում ենք Ֆրանսիայի եւ Ռուսաստանի մեր գործընկերների հետ: Մենք շատ բաց ենք համագործակցում, մենք քննարկում ենք բոլոր թեմաները, որոնք վերաբերում են հակամարտությանը: Ինչպես արդեն ասացի՝ դրանք հարցեր են, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լիարժեք համաձայնություն ունեն: Մենք համատեղ ջանքերով խաղաղ կարգավորման ենք ձգտում: Կարծում եմ՝ պետքարտուղար Քերրին նույնպես կասեր, որ գնահատում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ աշխատանքն այդ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ»,- նշել է ամերիկացի դիվանագետը: