27-07-2016 13:52

Ուորլիք. Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվել են ընդլայնել Ղարաբաղում ԵԱՀԿ մոնիթորինգային խումբը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնության են եկել Ղարաբաղում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդալյնման հարցի վերաբերյալ: Այդ մասին այսօր հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ակտիվ աշխատում են լարվածության նվազման և հակամարտության խաղաղ կարգավորման, բանակցային գործընթացի հետագա առաջխաղացման համար Վիեննայում և Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ նախագահների ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ: Նախագահները եկել են համաձայնության շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի շուրջ համաձայնության: Նախատեսվում է հակամարտության կարգավորման ուղղությամբ ընդարձակ բանակցությունների շարունակություն՝ յուրաքանչյուր կողմից բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներգրավմամբ: Դիվանագիտական առաջընթացն անհրաժեշտ է կողմերի միջև լարվածության նվազման համար»,- ասել է Ուորլիքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին։

այաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ։