Բավ է պառակտվել
22-10-2016 11:17

Ուորլիք․ Ջոն Քերրին տրամադրված է ղարաբաղյան կողմերի հետ աշխատանքին

ԱՄՆ-ն տրամադրված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, Բաքվում այդ մասին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի վերջերս արած հայտարարությունը այն մասին, որ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդները պատրաստ չեն լուծել ղարաբաղյան հակամարտությունը, Ուորլիքը նշեց, որ Քերրին տրամադրված է հակամարտության կողմերի հետ աշխատանքին՝ հանուն խաղաղ կարգավորման։

«Կարեւոր է, որ հակամարտության կողմերը նույնպես տրամադրված լինեն հակամարտության խաղաղ լուծում գտնելուն։ Ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահը պատրաստ է աշխատել բանակցությունների ու այն առաջարկների շուրջ, որոնք արդեն դրված են սեղանին,նաեւ պատրաստ է ՀՀ նախագահի հետ հետագա քննարկումների։ Մենք կցանկանայինք, որ կողմերը հետեւեն այն պարտավորություններին, որոնք ստանձնել են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում, չնայած դեռ կան պահեր, որոնց շուրջ աշխատանքը անհրաժեշտ է շարունակել։ Այդ ամենը մենք կքննարկենք նախագահների արդեն հաջորդ հանդիպման ժամանակ»,- ասել է Ուորլիքը։

Նրա խոսքով ԵԱՀԿ ՄԽ-ն կշարունակի աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ «Մեր քննարկումների նպատակն է գտնել հակամարտության կարգավորման ուղի»,- ասել է Ուորլիքը։ «Վերջերս մենք բոլորս Մոսկվայում էինք ու քննարկում էինք այդ հարցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Մենք շարունակում ենք նվիրված մնալ ղարաբաղյան հակամարտության շուրջ ընդհանուր ջանքերին»,- ասել է Ուորլիքը։