18-03-2014 13:39

Ուկրաինային բացի տնտեսական օգնությունից նաև ռազմական օգնություն պետք կգա. Վլադիմիր Հորբաչ

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, Եվրատլանտյան համագործակցության ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Հորբաչը նշեց, որ Ղրիմի հանրաքվեն համարում է մեծ սոցիոլոգիական հարցում, որոշակի կամքի դրսևորում, բայց ոչ ազատ կամքի: Սակայն ԶԼՄ-ները, հատկապես ռուսական, ամերիկյան և եվրոպական` այն անվանում են հանրաքվե: Նա նաև հայտարարեց, որ ուկրաինական լրատվամիջոցները իրադարձություններից տասն օր առաջ չեն հեռարձակվել Ղրիմում: Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նույնպես տեսակետ հայտնեց, որ Ղրիմում տեղի ունեցածը հանրաքվե պետք չի համարել: «Այս հակամարտության կարևոր առանձնահատկությունն այն է, որ բացակայում են կրոնական կամ էթնիկ հողի վրա բախումները»,-նշեց Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ Վլադիմիր Հորբաչի` Ուկրաինայում բացի տնտեսական օգնությունից, անհրաժեշտ է լինելու նաև ռազմական օգնություն: «Երեկ Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ առաջարկությամբ, որով հասկացնել տվեց, որ Ռուսաստանը պատրաստ է չմիացնել Ղրիմը, եթե ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ուկրաինան համաձայնվեն որոշակի զիջումների»,-ավելացրեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: