21-03-2014 16:59

Ղրիմի միացումը ՌԴ-ին ընդունելու դեպքում հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացումը բացասական հետևանքներ կունենա

Հերթը հասավ Հայաստանին: Ճեպազրույցի ժամանակ Ուկրաինայի արտաքին գործերի տեղակալ Դանիլո Լուբկիվսկին հայտարարել է, որ նախարարությունը բացասական հետևանքներ է կանխատեսում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում՝ Ղրիմի միացումը ՌԴ-ին ընդունելու դեպքում։
Նրա խոսքով՝ Ուկրաինան անհանգստացած է այն հաղորդագրություններով, որոնք վերաբերում են հայկական կողմի դիրքորոշմանը։
Լուբկիվսկին տեղեկացրել է, որ ուրբաթ արդեն 2-րդ անգամ ԱԳՆ է կանչվել Ուկրաինայում Հայաստանի դեսպանը, և նրան ասվել է Ղրիմի իրավիճակի վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշման մասին։ Նա նաև նշել է, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը հայկական իշխանություններին է փոխանցել Ուկրաինայի դիրքորոշումը պարզաբանող նոտան։
«Մենք Հայաստանին ենք դիմել պաշտոնապես, և մոտ ժամանակում հրապարակայնորեն կհայտնենք այն մասին, որ նա չի ընդունում Ղրիմի միացումը։ Այդ պատասխանն ենք մենք ակնկալում։ Իհարկե, ցավով ենք ասում այդ մասին, սակայն այն դիրքորոշման հրապարակման դեպքում, որը մենք կմեկնաբանենք որպես ոչ բարեկամական, դա կունենա բացասական հետևանքներ մեր երկկողմ հարաբերությունների համար»,- ասել է Լուբկիվսկին։
Հիշեցնենք, որ օրերս տեղի էր ունեցել ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որի ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: