19-02-2014 13:28

"Ուկրաինային ընդդիմության ղեկավարները չեն տիրապետում ընդդիմադիր ողջ զանգվածին". քաղաքագետ

Ուկրաինայում իրավիճակը սկսում է ամբողջովին դուրս գալ վերահսկողությունից: Ընդդիմության ծայրահեղ տրամադրվածություններ ունեցող զանգվածը ոչ միայն դրականորեն չարձագանքեց եվրոմայդանի մասնակցիների նկատմամբ համաներման օրենքին, այլև կարծես թե համարեց դա իշխանությունների կողմից թուլության նշան և անհնազանդության նոր ալիք բարձրացրեց: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ, News.gisher.ru-ի խնդրանքով դիտարկումներ է անում քաղաքագետ Արամ Մանուկյանը: ՙՓաստորեն, ընդդիմադիր որոշ հատվածներում առհասարակ պատրաստ չեն իշխանությունների հետ երկխոսության միջոցով խնդրի խաղաղ լուծմանը հասնելուն: Ուստի իշխանությունների կողմից արվող զիջումները բավարար չեն երկրում կայունություն հաստատելու համար՚, - նշեց քաղաքագետն ու ավելացրեց, որ ստեղծված իրավիճակում Յանուկովիչն իշխանությունը պահպանելու և որոշակի կայունություն հաստատելու համար այլընտրանք չունի քան ծայրահեղ միջոցների դիմելը: Առավել ևս որ ընդդիմության ներկայացուցիչները իրենք են կատարում այնպիսի քայլեր ,որոնք իշխանություններին ընձեռում են կոշտ մեթոդների դիմելու իրավական հիմքեր: ՙԱմեն դեպքում Կիեվում ընթացող վերջին իրադարձություններից դատելով` իշխանությունները վճռել են ցրել ցուցարարներին և այդպիսով լուծել իրենց խնդիրները: Թեև նախագահ Յանուկովիչն արդեն հանդես է եկել հայտարարությամբ և կոչ է արել ընդդիմության ղեկավարներին նստելու բանակցային սեղանի շուրջ ու միասնական ջանքերով շտկելու իրավիճակը, բայց ակնհայտ է, որ ծայրահեղական տրամադրվածություններ ունեցող ընդդիմադիրների հետ նման երկխոսություն չի ստացվի և այս պարագայում իշխանություններին չի մնում ուրիշ տարբերակ, քան ուժային մեթոդների կիրառումը՚,-կարծում է Արամ Մանուկյանը: Փորձագետի խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները ահռելի ճնշման են ենթարկվում արևմուտքի կողմից,ինչը հնարավորություն չի տալիս նրանց ազատորեն գործել իրենց ծրագրերում:
ՙԻհարկե, եթե իշխանություններին հաջողվի ցրել մարտականորեն տրամադրված ծայրահեղ ազգայնականներին,ապա խնդիրը վերջնական լուծում չի ստանա, սակայն հարկ է նշել, որ նման սցենարի դեպքում ընդդիմադիրները զգալիորեն կզիջեն իրենց դիրքերը իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում՚,-ասաց Արամ Մանուկյանը: Իսկ ինչ վերաբերվում է ընդհանուր առմամբ Եվրոմայդանին,ապա քաղաքագետի համոզմամաբ, վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ եկան հաստատելու այն իրողությունը, որ ընդդիմության ղեկավարները չեն տիրապետում ընդդիմադիր ողջ զանգվածին, գործում են մասնատված և պարզապես փորձում են օգտագործել ստեղծված քաղաքական իրադրությունն իրենց օգտին: