03-05-2014 10:50

Ուկրաինային հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստում համաձայնության հասնել չի հաջողվել

Ուկրաինայի հարավ-արևելքում ծավալվող դեպքերին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ՌԴ-ն ներկայացրել է այդ երկրում բռնությունները դատապարտող նախագիծ, սակայն արևմտյան երկրների պատվիրակությունները դրանում իրենց փոփոխություններն են ներկայացրել, և արդյունքում՝ համաձայնության հասնել չի հաջողվել: Նիստից հետո Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Լայել Գրանտն ասել է լրագրողներին, որ Ռուսաստանի ներկայացրած փաստաթուղթը պետք է ներառի «սպանությունների, առևանգումների և շենքերի գրավման դեպքերի դատապարտում»։
Հիշեցնենք, որ նախօրեին ուկրաինացի զինվորականները սկսել են հատուկ գործողություն իրականացնել Սլավյանսկ քաղաքում՝ ավիացիայի և զրահապատ մեքենաների կիրառմամբ։ Հաղորդվում է երկու կողմերից զոհերի մասին։ Նշենք նաև, որ Ուկրաինայի հարավ-արևելքում բողոքի ցույցեր են անցկացվում՝ երկրի դաշնայնացման պահանջով։