26-01-2015 13:29

ԵՄ հետ հարաբերությունների խորացումը կարեւոր է.ՀՀ ԱԳՆ

Արտաքին քաղաքականության օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցրել ԵՄ հետ հարաբերությունների խորացումը: Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվությունում: Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ Ռեադմիսիայի մասին համաձայնագրերը։ Ոլորտային բնագավառներում Եվրոպական Միության հետ համագործակցությունն ընդլայնելու նպատակով մարտի 1-ից ուժի մեջ է մտել Եվրոպական Միության ծրագրերին Հայաստանի մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ արձանագրությունը, որը Հայաստանին հնարավորություն է ընձեռնում մասնակցելու ԵՄ տարբեր ծրագրերին եւ գործակալությունների աշխատանքներին։ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում հուլիսի 22-ին մասնակցել է Եվրոպական Միության եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը: Հոկտեմբերի 28-30-ը տեղի է ունեցել Եվրոպական Միության խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի այցելությունը Հայաստան։ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հուլիսին եւ հոկտեմբերին այցելել է Հայաստան: Դեկտեմբերի 19-ին Հայաստան է այցելել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին: Բրյուսելում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Համագործակցության կոմիտեի 15-րդ նիստը, իսկ դեկտեմբերի 11-ին՝ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ մարդու իրավունքների շուրջ երկխոսության 6-րդ հանդիպումը: Փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի տասնչորսերորդ նիստը: Նոյեմբերի 3-ին Բրյուսելում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ Եվրամիության ընդլայնման եւ հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը ստորագրել են ԵՄ կողմից 2014-2017թթ. Հայաստանին տրամադրվելիք աջակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: