12-02-2016 09:21

Սիրիայի օգնության միջազգային խումբը պայմանավորվել է հրադադարի հաստատման մասին

Սիրիայի օգնության միջազգային խումբը, որում ներառված են գերտերությունների ներկայացուցիչները, Մյունխենում կայացած հանդիպման արդյունքում հանդես է եկել համատեղ հայտարարությամբ: Բանակցող կողմերը պայմանավորվել են 1 շաբաթվա ընթացքում Սիրիայի տարածքում հրադադարի ռեժիմի հաստատման վերաբերյալ: 
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը մանրամասնել է, որ ռազմական գործողությունների դադարեցմանը կնախորդի հակամարտության գոտում բռնության կրճատման գործընթացը: 
«Ռազմական գործողությունների ավարտ ասելով` մենք նկատի ունենք Սիրիայի կառավարության ու ընդդիմադիրների միջև ծավալվող մարտերի ավարտը»,- մանրամասնել է պաշտոնյան` բացատրելով, որ տվյալ պայմանավորվածությունը չի տարածվում «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան- Նուսրա» ահաբեկչական խմբավորումների վրա: Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի արտգործանախարար Ֆիլիպ Համոնդը նշել է, որ ձեռքբերված պայմանավորվածությունն առավել արդյունավետ կլինի, եթե ռուսական օդուժը վերջ տա Սիրիայի կառավարական բանակին աջակցելուն։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հավելել է, որ կողմերը համաձայնության են եկել դեպի Սիրիա մարդասիրական օգնության մատակարարման գործընթացի արագացման ու ընդլայնման վերաբերյալ։