04-04-2016 12:32

Ադրբեջանը ԻՊ-ի գործելաոճն ունի, ու սա պետք է մտահոգի քաղաքակիրթ աշխարհին

«Զորակն» հիմնադրամի հոգաբարձու, «Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոց»-ի կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ռազմական բախումներին՝ նշեց, որ սա առանց վերապահումների պատերազմ է: Ըստ նրա, ադրբեջանական կորուստները բազմապատիկ են թե՛ զինուժի պաշտոնական տվյալներով՝ 20-ին հասնող տանկ, 2 ուղղաթիռ և այլն, թե՛ մարդկային կորուստների առումով: Նրա խոսքով՝ դատելով հրապարակված ադրբեջանցի զինվորականների դիակների նկարների հանդերձանքից՝ ադրբեջանական կողմից կռվում են հիմնականում հատուկ ջոկատայիններ: «Իմ տվյալներով մարտերը շարունակվում են թե՛ հարավում, թե՛ հյուսիս-արևելքում, ընդհանուր առմամբ մեր կողմից տեղ-տեղ առաջխաղացում կա: Հակառակորդը շատ մեծ ծավալի կորուստներ է կրել, հայկական կողմն էլ կորուստներ ունի»,- ասաց նա և նշեց, թե Պաշտպանության նախարարությունը մի ռազմավարություն է ընտրել, որ մինչև մարտական գործողությունների ավարտը զոհերի հստակ ցուցակներ, անուններ չի հրապարակելու, չնայած արդեն իսկ մի քանի անուններ ասվել են: Նա նշեց, թե դժվար է ասել, որ դիրքում այս պահին ինչ վիճակ է: «Եթե Ադրբեջանի գործելաոճը համեմատենք, ապա գործ ունենք մի պետության հետ, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի նույն մոտեցումներն ու գործելաոճն ունի, այստեղից էլ մեր մոտեցումները համապատասխան պետք է լինեն: Տեղեկատվական դաշտում էլ նրանք նույն են. զինվորի կտրած գլխով նկար են տարածում, գործում են ճիշտ այնպես, ինչպես ահաբեկչական դասագրքերում է գրված»,- ասաց նա և հավելեց, թե լուրջ հարցեր պետք է առաջանան մեր միջազգային գործընկերների ու քաղաքակիրթ աշխարհի մոտ, որոնք ընդունում են Իլհամ Ալիևին: Վրթանեսյանն ասաց, որ չի կարող հստակ ասել՝ Թուրքիայի կողմից մասնակցություն կա հաջակցություն Ադրբեջանի, սակայն նկատեց, որ ադրբեջանական մամուլում հանդիպում են գրառումների, որտեղից պարզ է դառնում, որ հնարավոր է թուրք հրահանգիչներ են մասնակցում առանձին գործողությունների: Թե ինչպես է գնահատում ՌԴ-ի քայլերը, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց, որ ՌԴ-ն՝ որպես դաշնակից, քայլեր պետք է անի՝ հասկանալով որ ԼՂ տարածքում վտանգված է հայկական բնակչությունը, ինչպես Սիրիայի պարագայում է վարվում։ «Թե՛ ՌԴ-ն, թե՛ Բելառուսը չեզոք դիրք չեն կարող գրավել՝ հաշվի առնելով ՀԱՊԿ պայմանագիրը, իսկ թե ինչ քայլեր են արվում, պետք է հարցնել ԱԳՆ-ին»,- ասաց նա: