Բավ է պառակտվել
29-04-2016 14:28

Հայաստանը ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Հրանտ Բագրատյան

Հայաստանը միջուկային զենք ստեղծելու բոլոր հնարավորություններն ունի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ ավելացնելով, որ զենքն արդեն ստեղծված է և իր խոսքն ուղղված է Ադրբեջանին: 
Անդրադառնալով քառօրյա պատերազմին՝ Հրանտ Բագրատյանը նշեց, որ այն շարունակվելու է անընդհատ, քանի որ Ադրբեջանի ռեսուրսները շատ են և դեռ երկար ժամանակ կարող է կրակել՝ փորձելով հայկական կողմին: 
«Եթե զինված ուժերում ունեք կադրային ռեզերվ, փոխեք, եթե ոչ, բան չասենք: Ես հիմա անուններ չեմ տա, թեժ պատերազմի օրերին իմ խնդիրը դա չէ: Մեզ պետք է ռազմարդյունաբերությունը զարգացնել, երևի ես պետք է զբաղվեմ դրանով, ոչ մեկ չկա, որ դրանով զբաղվի: Պետք է աշխատեն, ոչ թե խոսեն, մեկ տարի առաջ այդ մասին օրենք է ընդունվել, բայց 18 տարի քննադատել են, հիմա նոր ուզում են աշխատեն: Ընդունված օրենքից հետո դեռ ոչինչ չի արվել: Շուտով մենք կտեսնենք ադրբեջանական հրթիռները, հենց իրենց արտադրության, նշանառու հրացանները, և դրանք շատ որակով են: Այս մասին վաղուց էր պետք մտածել, Հայաստանում պետք չէր փակել հրացանի արտադրությունը»,-ասաց նա: 
Ինչ վերաբերում է Արցախի ճանաչման հարցին, ապա Հրանտ Բագրատյանը նշեց, որ ծիծաղելի է այն կարծիքը, թե Ադրբեջանը Արցախի ճանաչումից հետո կհարձակվի: 
«Անգամ այդ ժամանակ Հայաստանը կարող է շարունակել բանակցել: Արցախի ճանաչումից հետո իհարկե կարող է շարունակել բանակցել, այսպես պետք է լինի բոլորի պատասխանը»,-ասաց նա և ընդգծեց, որ Հայաստանը այլ ելք չունի, քան մասնակցել այս պատերազմին ու հաղթել: 
Պատգամավորը նաև նշեց, որ Հայաստանի բախտը բերել է, որ Ադրբեջանը հրաժարվել է ԵՏՄ մտնել, այլապես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իսկապես իր հետ կբերեր նոր առաջարկներ: