10-09-2014 18:53

Թուրքիան հետևողականորեն տանում է Հայոց ցեղասպանության ժխտման գիծը


Թուրքիան հետեւողականորեն տանում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքական գիծը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ծրագրի հարցին:
Նշենք, որ օրերս Թուրքիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածության համար եւ կրկին անգամ պնդել, որ հայկական կողմն անգամ պատասխան չի տվել 2005թ-ի` Թուրքիայի վարչապետի նամակին:«Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի արտգործնախարարության արխիվում չի պահպանվել դեռեւս 2005թ. ապրիլի 25-ին` Թուրքիայի վարչապետի նամակը ստանալուց մի քանի օր անց, հայկական կողմի տված եւ հրապարակած պատասխանը»,- նշել է ԱԳ փոխնախարարն ու հավելել. «Թուրքիան հետեւողականորեն տանում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքական գիծը եւ շարունակաբար ապարդյուն փորձեր է կատարում` խեղաթյուրելու եւ ժխտելու պատմական փաստերը:
Թուրքական կողմի հենց այդ մոտեցումն է, որ շարունակում է խոչընդոտ հանդիսանալ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»։