Բավ է պառակտվել
08-06-2016 10:22

Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է թուրք դիվանագետին` կապված հայկական հարցի հետ

Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանի վերջին արտահայտությունը գերմանացի պատգամավորների մասին տարակուսանք է առաջացրել Գերմանիայում

Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան հավատարմատարը կանչվել է ԳԴՀ ԱԳՆ` «վերջին օրերի իրադարձությունների և Բունդեսթագում հայկական բանաձևի քվեարկության մասին» զրուցելու համար, հաղորդում է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցչը։

«Զրույցում խոսք է եղել Գերմանիայի և Թուրքիայի միջև ավանդական սերտ և վստահելի հարաբերությունների մասին և ընդգծվել, որ գերմանացի պատգամավորների մասին վերջին արտահայտությունները չեն համապատասխանում դրան ու տարակուսանքով են ընդունվել»,- հաղորդել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Բունդեսթագի պատգամավորները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունել են հունիսի 2-ին։ «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների` 1915թ.-ին իրականացված ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևին կողմ է քվեարկել խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը, պատգամավորներից միայն մեկն է դեմ քվեարկել, մեկն էլ` ձեռնպահ:

Դրանից հետո Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ պետք է ստուգել գերմանական խորհրդարանի այն թուրք պատգամավորի արյունը` պարզելու համար` նա ազգությամբ թու՞րք է, թե՞ ոչ, ով Բունդեսթագի քննարկմանն է ներկայացրել 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևը։ Բանաձևի նախագծի հեղինակը թուրքական արմատներով գերմանացի քաղաքական գործիչ Ջեմ Օզդեմիրն է։