Բավ է պառակտվել
25-02-2016 12:26

Թուրք-ադրբեջանական վնասը Վրաստանին

«Վերջին տարիներին Վրաստանում բարձրունքներ նվաճած թուրք-ադրբեջանական ազդեցությունն իր բացասական հետևանքներն է ունենում այդ երկրի ֆինանսական կայունության վրա»,-gisher.news-ի հետ զրույցում նշեց վրացագետ Ալիկ Էրոյանցը: Ըստ փորձագետի՝  թվում է, թե Վրաստանին պետք է որ ձեռնտու լիներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցությունը մասնավորապես՝ առևտրատնտեսական և գազամատակարարման բնագավառներում: «Սակայն վերջին զարգացումները փաստեցին, որ այդչափ կախվածությունը նշված երկու հարևաններից գնալով ավելի շատ է վնասում Վրաստանին:  Գաղտնիք չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը վարում են Վրաստանին կլանելու քաղաքականություն, և այդ ուղղությամբ «ձեռքբերումներն»  արդեն իսկ տեսանելի են»,-նշեց Ալիկ Էրոյանցը և հավելեց, որ թուրքացման վտանգի տակ հայտնված Վրաստանը շարունակում է պատանդ մնալ այդ երկրներին, իսկ այլընտրանքների փնտրտուքը դեռևս ցանկալի արդյունքներ չի տալիս: Վրաստանի հարցերով փորձագետի խոսքով՝ Վրաստանի գործող իշխանությունները, կարծես հասկանալով խնդրի խորությունը, փորձում են ելքեր որոնեն, քանդեն բարդ հանգույցները, սակայն, Ադրբեջանն ու Թուրքիան շատ մոտ են և համապատասխան գործիքների գործադրմամբ խոչընդոտում են վրացական նպատակների իրագործմանը: «Հիմնական գործընկեր հանդիսացող Թուրքիայում և Ադրբեջանում առաջացած ֆինանսական ճգնաժամը բացասական դերակատարություն ունեցավ նաև Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության վրա, արդյուքնում արտահանման և ներմուծման ծավալները հունվար ամսին նվազել են համապատասխանաբար 22 և 25 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ»,-ասաց Ալիկ Էրոյանցն ու ավելացրեց. «Կանխատեսելի է, որ եթե չկարգավորվեն նավթի գները և չխաղաղվեն ռուս-թուրքական կրքերը, Վրաստանը կշարունակի կրել լուրջ ֆինանսատնտեսական վնասներ»: 

Տաթև Առաքելյան