Բավ է պառակտվել
27-01-2016 10:20

Թուրքիան ցանկանում է հաշտվել Ռուսաստանի հետ. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է կարգավորել ռուսական «Սու-24» ինքնաթիռի միջադեպից հետո Ռուսաստանի հետ վատթարացած հարաբերությունները։ Նա հիշեցրել է նախորդ տարվա դեկտեմբերին Բելգրադում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ իր հանդիպման մասին՝ նշելով, որ իրենք պայմանավորվել են բաց պահել դիվանագիտական այդ շփումը։ Չավուշօղլուն ընդգծել է, որ ցանկացած հարմար ժամկետում պատրաստ է վերստին հանդիպել Լավրովի հետ.

«Մենք ցավում ենք ներկայումս տիրող իրավիճակի համար։ Մենք կցանկանայինք հաղթահարել այն։ Թուրքիան երբեք չի փորձել սրել կոնֆլիկտը, ավելին՝ մենք ձգտել ենք անել ամեն հնարավոր բան, որպեսզի լուծվի այդ միջադեպը, որը դժբախտաբար տեղի է ունեցել։ Մենք ցավում ենք, որ դա տեղի է ունեցել, քանի որ Ռուսաստանը ոչ միայն մեր գործընկերն է, այլև կարևոր գործընկեր է։ Մենք պետք է բաց պահենք դիվանագիտական խողովակները՝ հետագա քննարկումների համար, որպեսզի գտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը», ասել է Չավուշօղլուն:

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները ճգնաժամ են ապրում այն բանից հետո, երբ նոյեմբերին 24-ին F-16 թուրքական կործանիչը Սիրիայում խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դա  «թիկունքից հարված» է անվանել: Դեպքից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ազգային անվտանգության ապահովման միջոցառումների և Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել։