25-07-2016 16:28

Թուրքիան մտադիր է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն ու բացել սահմանը

Թուրքիան մտադիր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով բանակցություններ սկսել, հնարավոր է նաև՝ բացել սահմանը. այդ մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Թուրքիայի վարչապետ Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջան կատարած վերջին այցի ընթացքում «խաղաղության քայլի» համար զարկերակ է շոշափել. Հայաստանի հետ դարձյալ բանակցությունների մեկնարկի, հարաբերությունները մեղմացնելու, գուցե և սահմանը բացելու համար։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի ավարտից, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո սա շատ մեծ նշանակություն ունեցող քայլ է, այսինքն՝ «բարեկամների ավելացում»։
Տարօրինակ զուգադիպություն է, բայց տեսեք, թե ինչ խոսակցություն էի ունեցել հուլիսի 15-ին Բաքվից Սամսուն եկած Չավուշօղլուի հետ։
-Պարո՛ն Չավուշօղլու, Ռուսաստանի հետ ճգնաժամը հանգուցալուծվում է, բարեկամությունը՝ աճում։
-Այո՛, տես թե որքան լավ բաներ են լինելու։ Հավատա, խաղաղության համար շատ լավ լուրեր են լինելու։
Իսրայելի մասին իմ հարցերին նախարարն ասել էր. «Սպասե՛ք՝ կտեսնեք»։
Չավուշօղլուի այս խոսքը մտածելու տեղիք էր տվել, սակայն հեղաշրջման փորձի հետ այդ խոսքերը թռել-գնացել էին։
Հիմա, երբ փոթորիկը հանդարտվել է, այդ խոսքը դարձյալ հիշեցի և փոքր ինչ ուսումասիրեցի։
Ռուսաստանի հետ խնդիրը լուծած Թուրքիան այդ մերձեցումից հետո շատ կարևոր «խաղաղության քայլ» է նախապատրաստում։
Այսինքն իշխանության հայտարարությունը, թե «թշնամիներին նվազեցնելով՝ բարեկամների թիվն ենք ավելացնելու», մինչև Հայաստանի սահման է հասնում։
Դիվանագետ իմ ընկերներից տեղեկացել եմ, որ Չավուշօղլուն խաղաղության այդ քայլից առաջ առաջին հանդիպումները հուլիսի 14-15-ին Բաքվում է արել։ Հայաստանի հետ նոր և արմատական խաղաղության փնտրտուքի համար Բաքվի զարկերակն է շոշափել։ Դրական միտումներ կան։ Ավելի հեռուն գնալու համար հողը պատրաստ է։ Այդ տրամադրությամբ էր Սամսուն եկել։
Սամսունում՝ Չավուշօղլուի հայտարարությունը, թե դեռ շատ լավ բաներ են լինելու, այս իմաստն ուներ։
Այն պահին, երբ կառավարությունը խաղաղության քայլեր է սկսում, Ռուսաստանից հետո, Ադրբեջանի հետ համաձայնեցնելով Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար ջանքեր է գործադրում, դավաճանները ներքին ժողովրդավարության դեմ պատերազմ են սկսում...