23-08-2016 09:27

Էրդողանը մտադիր է ՌԴ-ին փոխհատուցել 5 մլրդ դոլար՝ խոցված ինքնաթիռի համար

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավոր խորհրդական Ահմեթ Թաքանը հայտարարել է, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կփոխհատուցի Ռուսաստանին թուրք զինվորականների կողմից 2015թ.-ին խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի համար: Ըստ Թաքանի՝ փոխհատուցումը կազմելու է 5 միլիարդ դոլար:

 Գյուլի խորհրդականն այսպես է ներկայացրել իրավիճակը.
«Երբ նախագահ Էրդողանը ջերմ զգացումներով վերադարձավ Ռուսաստանից, Արտաքին գործերի նախարարության միջանցքներում քչփչում էին փոխհատուցման այնպիսի գաղտնի մտադրության մասին, ինչպիսին Իսրայելի դեպքում եղավ»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին 2015 թվականի աշնանը թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ:

Սակայն այս տարվա հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկերոջն ուղղված նամակում ափսոսանք է հայտնել և ներողություն խնդրել խոցված ռուսական ինքնաթիռի համար, ինչից հետո սկսվել է երկու երկրների հարաբերությունների վերականգնման գործընթացը։