Բավ է պառակտվել
18-04-2015 08:36

Մեզ խոնարհել չեք կարող. Դավութօղլուն սպառնացել է բոլոր երկրներին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է Եվրախորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ու այն «անլուրջ» որակել: 
Նա խորհուրդ է տվել աչքի անցկացնել Եվրոպայի պատմությունն ու տեսնել, թե ինչեր են տեղի ունեցել Աֆրիկայում, Ասիայում կամ Ավստրալիայում: «Եթե Եվրոպան ցանկանում է պահել իր բազմամշակույթ, բազմակրոն կառուցվածքը, ապա չպետք է որևէ կրոնական կամ ազգային խմբի դեմ ատելություն սերմանող հայտարարություններ անի»,- հայտարարել է նա: 
Թուրքիայի վարչապետն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ այն արդեն դադարել է միայն Հայաստանին ու Թուրքիային առնչվող հարց լինել: «Աշխարհի տարբեր կողմերում հայերի և թուրքերի հաշտեցման, ցավերը կիսելու համար պատրաստ ենք անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Պատրաստ ենք Թուրքիայի և Հայաստանի միջև բարիդրացիական լավ հարաբերություններ հաստատել, բայց Հայաստանն էլ պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու համար»,- ասել է նա՝ պնդելով, որ չպետք է մուսուլման թուրքերին հավաքական հանցագործությունների մեջ մեղադրել: Թուրքիայի վարչապետը նաև նախազգուշացրել է բոլոր երկրներին ու առաջնորդներին՝ մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածի համար: «Բոլոր երկրներին, երկրների խորհրդարաններին ու առաջնորդներին զգուշացնում եմ՝ ով էլ որ լինի, եթե մեր ազգին պատմության դատարանի առաջ առանց պատմական փաստերի, արխիվային փաստաթղթերի փորձի մեղադրել, նրա դեմ մեր հստակ դիրքորոշումն ենք դնելու: Հաշտության պատրաստ ենք, պատրաստ ենք կիսել ցավերը, սակայն մեզ խոնարհել ոչ ոք չի կարող»,-ասել է նա: