Բավ է պառակտվել
11-03-2015 11:20

Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը.Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին մասնակցել է Պրահայի Կարլի համալսարանում անցկացված «Ցեղասպանության հանցագործություն. իրավական և քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթ-դասախոսությամբ: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:Դասախոսությանն` ի թիվս պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների, ներկա է եղել նաև Չեխիայում Թուրքիայի Հանրապետության դեսպան Ահմեթ Նեչատի Բիգալին` դեսպանության աշխատակիցների ուղեկցությամբ:  Հարգարժան ակադեմիկոսներ, դեկաններ, պրոֆեսորներ, ուսանողներ, տիկնայք և պարոնայք, Հայոց ցեղասպանության 100-ամյակին մեկ ամիս է մնացել: Մեկուկես միլիոն հայ զոհ դարձավ մի հանցագործության, որն իր իրական անունը միայն տասնամյակներ անց գտավ: Ինչպես հավանաբար գիտեք, «ցեղասպանություն» եզրույթն առաջին անգամ օգտագործել է ծագումով հրեա լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը 1944 թվականին: Այդ եզրույթով Լեմկինը ցանկանում էր նկարագրել 1915-ին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրագործված վայրագությունները: Դեռևս 1911 թվականին Սալոնիկում «Իթթիհաթ վե Թերաքի» կուսակցության համագումարում որոշում կայացվեց բնաջնջել Օսմանյան Թուրքիայում ապրող հայերին: Երիտթուրքական պանթուրքիստական ծրագրերի իրականացման ճանապարհին գլխավոր խոչընդոտ էր համարվում քրիստոնյա բնիկ ազգաբնակչությունը, մասնավորապես հայերը: Թուրքերը պնդում են, թե այս ամենն իբր նախօրոք ծրագրված չի եղել. Առաջին աշխարհամարտի տարիներին տեղահանության հետևանքով զոհվել են թե հայեր, թե թուրքեր: Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը: 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում 600 հայազգի մտավորականների, Օսմանյան խորհրդարանի անդամների, ինչպես նաև հասարակական գործիչների ձերբակալությամբ և սպանդով սկսվեց Օսմանյան Թուրքիայի կողմից նախապես ծրագրված և պետական մակարդակով իրագործված ոճրագործությունը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Հանցագործությունը նպատակ ուներ հայրենազրկելու հայերին: Կոտորածներն ու էթնիկ զտումները միտված էին հայերի բնաջնջմանը, ինչպես նաև հայկական հազարամյա ժառանգության ոչնչացմանը: Կցանկանայի նաև նշել, որ 1915 թվականի մայիսի 24-ին միաժամանակ հրապարակվեց Անտանտի երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան) կառավարությունների համատեղ պաշտոնական հռչակագիրը` Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների և թուրքական կառավարության անդամների անձնական պատասխանատվության մասին: Այն 20-րդ դարում ընդունված առաջին պաշտոնական փաստաթուղթն էր, որն Օսմանյան Թուրքիայի կառավարության անդամներին հավաքականորեն և անձնապես պատասխանատու էր համարում նրանց կատարած հանցանքների և ոճրագործությունների համար: 1919 թվականին Օսմանյան Թուրքիայի Արտակարգ ռազմական դատարանը մահապատժի դատապարտեց Օսմանյան Թուրքիայի Ռազմական նախարար Էնվեր փաշային, Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային, Ռազմածովային նախարար Ջեմալ փաշային, Կրթության նախարար Նազիմ փաշային և այլոց՝ մեղավոր ճանաչելով հայերի զանգվածային ոչնչացումը կազմակերպելու և իրականացնելու մեջ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը վերջակետ չէ. այն միայն մի փուլի ավարտն է: Հարյուրամյակը կամփոփի պատմական մի ժամանակահատված և կազդարարի նոր փուլ արդարության վերականգնման պայքարում, որը կամրապնդվի ժխտողականության դեմ պայքարի նոր մեթոդներով: Այսօր աշխարհի 22 երկիր արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այն առաջինը պաշտոնապես ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին: Բոլորովին վերջերս Հարավային Դակոտան դարձավ ամերիկյան 43-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը: Իսկ օրեր առաջ Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ընդունեց մի բանաձև, որով դատապարտեց Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի հայրենազրկման փաստը՝ Թուրքիային կոչ անելով ընդունել պատմությունը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դժբախտաբար, Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը: Մենք համոզված ենք, որ միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել հետագայում նման հանցագործությունների կրկնությունը: Ինչպես իրավացիորեն նշված է Հայոց ցեղասպանության մասին Եվրոպական ժողովրդական կուսակցության բանաձևում, ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու և իրականացված ոճրագործությունները մոռացության մատնելու կամ արդարացնելու փորձերը դատապարտելի են, քանի որ որակվում են որպես շարունակական հանցագործություն և նոր ցեղասպանություններ խրախուսելու միտում: Հայոց ցեղասպանությունը եթե ճանաչվեր և դատապարտվեր, Հոլոքոստը միգուցե տեղի չունենար: Կարծում եմ` հիշում ենք 1930-ականներին Ադոլֆ Հիտլերի հայտնի հայտարարությունը. «Ով է այժմ հիշում հայերի բնաջնջման մասին»: Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է բոլոր այն երկրների շահերից, որոնք իրենց համարում են ժողովրդավար և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով: Այդ պայքարի ընթացքում մենք պետք է ասենք այլևս երբեք ժխտողականությանը, այլևս երբեք ցեղասպանությանը, այլևս երբեք բոլոր հանցագործություններին մարդկության նկատմամբ»,-ասված է ելույթում: