Բավ է պառակտվել
30-11-2015 10:21

Հնարավոր է Թուրքիան պրովոկացիաներ ձեռնարկի հայ-թուրքական սահմանին

Սու 24-ի միջադեպից հետո իրադարձությունները տարածաշրջանում էական փոփոխությունների են ենթարկվում: Այս առիթով Gisher.news-ի խնդրաքով իր դիտարկումներն է ներկայացնում քաղաքագետ Արամ Մանուկյանը. «Նախքան այդ միջադեպը Ռուսաստանն անուղղակիորեն մեղադրում էր Անկարային ահաբեկիչներին հովանավորելու մեջ,ապա այժմ հարաբերությունների վատացման ֆոնին այդ մեղադրանքները բացահայտ բնույթ ստացան»: Վերլուծաբանը հարկ էհամարում նշել, որ Թուրքիային զգալի վնաս է հասցնում ռուսների կողմից Իսլամական պետություն կազմակերպության դեմ իրականացվող ռազմական գործողությունները: «Նախ պաշտոնական Անկարան ակնհայտորեն փորձում էր օգտագործել այդ կազմակերպությանը տարածաշրջանում իր քաղաքական նպատակներն իրականացնելու համար»,-ասաց փորձագետն ու հավելեց. «Բացի այդ, գաղտնիք չէ նաև, որ ԻՊ-ի շնորհիվ Թուրքիայի որոշ շրջանակներ հսկայական գումարներ են վաստակում, ինչում չեն կարող ներքաշված չլինել հատկապես իշխող քաղաքական էլիտայի ներկայացուցիչները»: Ուստի, Արամ Մանուկյանի խոսքով, այդ կազմակերպության դիրքերը թուլացնելով և և նրանց դեմ ակտիվ պայքար մղելով, բացի հարցի քաղաքական կողմից, ՌԴ-ն հարված է հասցնում նաև Թուրքիայի կառավարող շրջանակների գրպաններին: «Թուրքիայի կողմից արդարացում չունեցող այդ քայլը հենց այս ամենի վառ վկայությունն են»,-հաստատեց քաղաքագետը:
Արամ Մանուկյանը նշեց, որ ներկայումս ակնհայտ է, պաշտոնական Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները խիստ վատթարացել են և դա նաև խորանալու միտումներ ունի: «ՌԴ-ի կողմից ձեռնարկվող պատասխան քայլերը կարող են զգալի վնաս հասցնել Թուրքիայի տնտեսությանը,ինչը Թուրքիայի հասարակության կողմից լրացուցիչ դժգոհություն կառաջացնի Էրդողանի վարչակազմի նկատմամբ»,-ընդգծեց մասնագետըև շարունակեց. «Թերևս հարաբերություններում առաջացած լարվածությունը տևական ժամանակաշրջան կընդգրկի: Այդ ամենը բավականին լուրջ ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա, բացառություն չի կազմում նաև Հայաստանը: Արդեն իսկ նկատելի է,որ Ռուսաստանը փորձ է կատարում ճնշում գործադրել Անկարայի վրա` օգտագործելով նաև հայկական հարցը: Մասնավորապես, «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջարկությամբ մտել է Պետդումա Հայոց` ցեղասպանության ժխտման քրեական պատասխանատվության օրինագիծ ներկայացնելով»: Արամ Մանուկյանի համոզմամբ՝ չի բացառվում, որ Թուրքիան փորձի ակտիվություն դրսևորել ղարաբաղյան հարցում` ավելացնելով արդեն իսկ առկա լարվածությունը և փորձելով ռուսներին ներքաշել ևս մեկ տարածաշրջանային ակտիվ հակամարտության մեջ : «Չի բացառվում, նաև որ թուրքական կողմը կարող է պրովոկացիաներ ձեռնարկել հայ-թուրքական սահմանում` ռուսներին մղելով կոշտ քայլերի: Հայկական կողմը պետք է պատրաստ լինի նաև նման զարգացումների և մշակի գործունեության ծրագիր բոլոր իրավիճակների համար»,-եզրափակեց քաղաքագետը:

Տաթև Առաքելյան