16-02-2016 10:12

Թուրքիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին մեղադրել է «ռազմական հանցագործության» համար

Թուրքիայի արտգործնախարարությունը «ռազմական հանցագործություն» է որակել Ռուսաստանի հարձակումը Սիրիայում հիվանդանոցի վրա: 
Դրանով թուրքական իշխանությունները Ռուսաստանի վրա են թողել երկրի հյուսիսում մարդասիրական օբյեկտների ռմբակոծման պատասխանատվությունը։ Թուրքական կողմը պնդում է, որ Ռուսաստանը ձգտում է խորացնել քաղաքացիական պատերազմը Սիրիայում և ապակայունացնել վիճակը տարածաշրջանում։  Վաշինգտոնը, սակայն, պաշտոնապես չի կարող հաստատել, որ Սիրիայում քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ հիվանդանոցների ռմբակոծությունների հետևում Ռուսաստանն է։ Այդ մասին խոստովանել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Սյուզան Ռայսը։ 

Նա հաստատել է, որ վերջին օրերին Սիրիայում ռմբակոծություններն ակտիվացել են։ 
Հիշեցնենք, որ ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աջակցության տակ գտնվող հիվանդանոցը, որը գտնվում էր Սիրիայի հյուսիս-արևմուտքում։ Կազմակերպությունը հայտնել է, որ հարձակումից հետո անհետ կորել է անձնակազմի ութ անդամ, բայց չի հստակեցրել, թե ով է պատասխանատու հարձակման համար։  Մեծ Բրիտանիայում տեղակայված մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգային խումբը հայտնել է, որ առնվազն ինը մարդ է սպանվել, տասնյակ մարդիկ վիրավորվել և որ քաղաքը թիրախ է եղել ռուսական օդուժի համար։