12-08-2016 10:10

Թուրքիան ՌԴ-ի պահանջով կարող է փակել սիրիական սահմանը

Ռուս դիվանագետներն ու զինվորականներն իրենց թուրք գործընկերների հետ բանակցությունների ընթացքում պահանջել են փակել թուրք-սիրիական պետական սահմանը:

«Մենք, բնականաբար, բարձրացրել ենք թուրք-սիրիական սահմանի փակման հարցը, որպեսզի ահաբեկիչների ու զենքի հոսքը դադարեցվի: Այդպիսով` գրոհայինները պետք է զրկվեն դրսից սնուցման ցանկացած աղբյուրից»,-նշել է ՌԴ պետդումայի պաշտպանական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին:

Պաշտոնյան հավելել է, որ տվյալ հարցն ուղղակի կապ ունի Ռուսաստանի ազգային անվտանգության ապահովման հետ:

«Մենք մեր կողմից Թուրքիային կարող ենք տրամադրել արբանյակային լուսանկարներ այն վայրերից, որտեղով անցնում է գրոհայինների ու զենքի հոսքը»,-ասել է պաշտոնյան:

Աղբյուրը հավելում է, որ Ռուսաստանի պահանջից հետո թուրքական կողմն արդեն քննարկում է սահմանը փակելու հարցը: