08-10-2015 15:07

Թուրքիան սպառնացել է Սիրիայի պատճառով հրաժարվել ռուսական գազից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ճապոնիա ուղևորվելու ճանապարհին լրագրողների հետ, ի թիվս այլնի, խոսել է նաև Ռուսաստանի հետ համատեղ էներգետիկ նախագծերի ապագայի և գազի գնման այլընտրանքային տարբերակ գտնելու մասին: 
Ինչ վերաբերում է ռուսական բնական գազին, ապա նա նշել է, որ Թուրքիան ռուսական գազի թիվ մեկ օգտագործողն է։ Նա սպառնացել է Սիրիայում ՌԴ գործողությունների պատճառով հրաժարվել ռուսական գազի գնումից։ 
«Թուրքիան մեծ կորուստ կլինի Ռուսաստանի համար։ Եվ եթե պետք լինի, Թուրքիան կկարողանա գազ գնել այլ երկրներից ու այլընտրանք կգտնի»,- ասել է նա։ 
Անդրադառնալով Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող Աքքույու ատոմակայանի հարցին՝ Էրդողանը հայտարարել է. «Այդ թեման հետաքրքրում է նաև Ռուսաստանին։ Եթե ԱԷԿ-ը չկառուցի Ռուսաստանը, կկառուցի ուրիշ մեկը։ Ռուսներն այնտեղ 3 մլրդ դոլար են ներդրել։ Այդ պատճառով էլ դա նրանց ավելի է հետաքրքրում»։ 
Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից «գեղեցիկ քայլ չէ» բարձրագույն մակարդակով համագործակցող հարևան երկրի օդային տարածքի հանդեպ ոտնձգություն իրականացնելը։