Բավ է պառակտվել
02-04-2015 14:15

Թուրքիան որոշակի հաջողության է հասել Հայոց Ցեղասպանության հարցում. փորձագետ

Թուրքիան ապրիլի 24-ին սկսել է ավելի վաղ պատրաստվել, քան Հայաստանը և որոշակի իմաստով հասել է իր նպատակներին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Միջազգային հարցերի և անվտանգության հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով՝ դեռևս նախորդ տարվա աշնանը Թուրքիան հայտարարել էր ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը տոնելու իր մտադրության մասին: Բացի այդ հայտարարվել էր, որ տոնախմբություններին կհրավիրվի 102 երկրի առաջնորդ: Սաֆարյանի կարծիքով՝ դա արվել է մեկ նպատակով. շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներից: Փորձագետը նշեց, որ տվյալ հարցում Թուրքիային հաջողվել է որոշակի հաջողության հասնել, քանի որ ստեղծված իրավիճակում այլևս անհնար է հայտարարել, որ «Ցեղասպանության հարցում աշխարհը Հայաստանի կողքին է»: Սաֆարյանի կարծիքով՝ ընդհանուր առմամբ Հայաստանը չափազանց ուշ սկսեց պատրաստվել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Նա հայտարարեց, որ մենք դեռ մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը պետք է տեսնեինք անցկացվող աշխատանքի քաղաքական արդյունքները: Փորձագետի խոսքով՝ իշխանությունները ապահովել են նվազագույնը, և դա ամենևին այն չէր, ինչ մենք պատկերացնում էինք100-ամյա տարելիցի նախաշեմին: Սաֆարյանը նշեց, որ բնականաբար հիանալի է, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը հանդես եկավ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևով, սակայն ԵԺԿ-ի կազմում են գերմանական կուսակցությունը և այլ երկրների կուսակցություններ, որոնց ազգային խորհրդարանները չեն ընդունել նմանատիպ բանաձևեր, մինչդեռ լավ աշխատանք անցկացնելու դեպքում Եվրոպայի առավել հեղինակավոր ուժերից մեկը հանդիսացեղ ԵԺԿ-ի կողմից բանաձևի ընդունումը պետք է մեծ արձագանք գտներ: Նա ցավով գրանցեց այն փաստը, որ ՀՀ խորհրդարանում չափազանց փոքր է այն մարդկանց թիվը, ովքեր գաղափար ունեն այդ մասին և կարող են ստանձնել այդ աշխատանքները իրականացնելու առաքելությունը: Սաֆարանը նշեց, որ այժմ չարժե խոսել Երևանում 100-ամյա տարելիցի քաղաքական արդյունքների մասին: Նա ընդգծեց, որ բնականաբար 100-ամյա տարելիցով ամեն ինչ չի վերջանում, սակայն այդ տարեթիվը տվյալ գործընթացում շրջադարձ կատարելու համար հիանալի տարեթիվ էր: