17-10-2016 10:33

ՀՀ ԱԳՆ. Թուրքիան պետք է հեռու պահվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից

Թուրքիան իր բացահայտ միակողմանի դիրքորոշմամբ տեղ չունի և պետք է հեռու պահվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից, հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Անկարայի արձագանքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։

Հոկտեմբերի 14–ին Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ` ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, նորմալ տնտեսական փոխգործակցությունը տարածաշրջանում։ Նրա խոսքով` սա շատ կարևոր գործոն է, որը միշտ հաշվի է առնվում։

«Միակ դրական ազդեցությունը, որ Անկարան կարող է ունենալ ԼՂ կարգավորման հարցում, այն է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը և վերջ դնի Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քայլերի խրախուսմանը», – նշվում է Շավարշ Քոչարյանի հայտարարության մեջ, որը հրապարակված է ՀՀ ԱԳՆ–ի պաշտոնական կայքում։

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 14-ին Երևանում ընդունված ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունն աջակցություն է հայտնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրադրության սրում թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը:

Քոչարյանի խոսքով` ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի երեք հանրահայտ սկզբունքների՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա:

«ՌԴ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում արտահայտված է այդ հայտարարությամբ, այլ ոչ թե ադրբեջանական լրատվամիջոցներով հրամցվող Թուրքիայի արտգործնախարարության կողմից Սերգեյի Լավրովի խոսքերի այլասերմամբ. որակավորում, որին նախկինում ԼՂ բանակցային գործընթացը խեղաթյուրելու համար արժանացել էր ադրբեջանական կողմը», – հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարարը։