Բավ է պառակտվել
17-03-2016 11:00

Թուրքիայի վերջը եկել է, և այն կկործանվի. Ժիրինովսկի

Ռուսաստանի Լիբերալ- դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է ներկայում Թուրքիային պատկանող հայկական պատմական հողերը Հայաստանին վերադարձնելու մասին իր հայտարարությունն ու նշել, թե ինչպես կարելի է դա իրականացնել և որքանով է իրատեսական։
«Թող հայերը որոշեն։ Ինչպե՞ս են քրդերը պայքարում իրենց պետությունը ստեղծելու համար։ Զենքը ձեռքին։ Այդպես էլ հայերը թող օգտագործեն դիվանագիտական, տնտեսական, քաղաքական կամ ցանկացած այլ միջոցներ։ Սակայն ի վերջո, նրանք ստիպված կլինեն զենքով վերադարձնել իրենց հողերը»,-ասել է ռուս գործիչը։
Անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանը կարո՞ղ է դիվանագիտորեն աջակցել հայերին, Ժիրինովսկին պատասխանել է.«Իհարկե, կարող ենք և՛ Հայաստանին աջակցել, և՛ քրդերին, և՛ հույներին, և՛ բուլղարացիներին, և՛ սիրիացիներին։ Նրանք բոլորն ատում են Թուրքիային։ Թուրքիան շրջապատված է հակառակորդներով. արևմուտքում բուլղարներն ու հույներն են, արևելքում՝ հայերն ու քրդերը, հարավում՝ Սիրիան։ Թուրքիայի վերջը եկել է»,- ասել է նա։
Ռուսաստանի Լիբերալ- դեմոկրատական կուսակցության ղեկավարը նշել է, որ դա տեղի կունենա 5 կամ 10 տարուց, բայց «այն ամեն դեպքում կկործանվի և այլևս ոչ մի դերակատարություն չեն ունենա»։
«Մեր կուսակցությունը հստակ դիրքորոշում ունի. աջակցել անկախ քրդական պետության ստեղծմանը։ Քրդերը բնակվում են Թուրքիայում, Սիրիայում, Իրանում և Իրաքում։ Ընդհանուր առմամբ, նրանք 40 մլն են, սակայն միայն մեզ մոտ է այդ առաջարկը ծրագրային»,-ասել է նա։