09-06-2015 09:23

Հայոց Ցեղասպանության բանաձևի պատճառով Թուրքիան հետ է կանչում դեսպանին Բրազիլիայից

Թուրքիան հետ է կանչել Բրազիլիայից իր դեսպանին այդ երկրի Դաշնային Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո։ Այս մասին տեղեկացնում ենք Թուրքիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունը։ Հայտարարության համաձայն, պաշտոնական Անկարան Բրազիլիայի Սենատի որոշումը համարում է «պատմական ճշմարտությունները խեղաթյուրող քայլ» և «անպատասխանտվության դրսևորում»։ Հայտարարության մեջ նշվում է նաև, թե այդօրինակ «քաղաքական որոշումներն ընդունվում են հայկական սփյուռքի ազդեցության ներքո» և չեն կարող փոխել «ոչ պատմական փաստերը, ոչ իրավական նորմերը»։ Տեղեկատվության համաձայն, բանաձևի ընդունումից հետո Անկարայում Բրազիլիայի դեսպանը պարզաբանումներ տալու նպատակով կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն։ Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: