Բավ է պառակտվել
15-05-2017 11:13

ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների արձանագրությունը, ՀՀԿ-ն ունի 71,25 %

Երկուշաբթի օրը կայացած նիստին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է մայիսի 14 –ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արձանագրությունը:
«Ելք» դաշինքը ստացել է 70 731 ձայն, ինչը կազմում է 21%, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 26 109 ձայն, կամ 7,7%, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 240 036 ձայն, կամ ընդհանուր քվեների 71,25%-ը»,- նիստին այս մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա հայտնել է, որ Երևանում ընտրության իրավունք ունեցողների ընդհանուր թվաքանակը կազմում է 842 151 հոգի, որից ընտրությանը մասնակցել է 345 158 քաղաքացի: 8259 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:
Երևանի ավագանին ընտրվում է 4 տարի ժամկետով և կազմված է լինում 65 անդամից:
ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը(պաշտոնավարում է 2011 թվականից): « Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ « Երկիր ծիրանի» կուսակցությանը՝ նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն ՀՀ մայրաքաղաքի քաղաքապետին ընտրում է ավագանին, որը կազմավորվում է քվեարկության համամասնական համակարգով անցկացվող համաքաղաքային ընտրությունների միջոցով:
Օրենսդրության համաձայն, եթե ընտրությունների արդյունքում կուսակցություններից մեկը ստացել է տեղերի 50%-ից ավելին, ապա այդ կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն էլ համարվում է ընտրված քաղաքապետ: Եթե թեկնածուն չի համապատասխանում քաղաքապետին առաջադրված պահանջներին, հրաժարվում է քաղաքապետի պաշտոնից, կամ եթե ոչ մի կուսակցություն 50%-ից ավել տեղեր չի ստանում, ապա քաղաքապետն ընտրվում է ավագանու անդամների գաղտնի քվեարկությամբ: