Բավ է պառակտվել
22-11-2016 12:36

Ընդդիմադիր 3 հայկական կուսակցություններ կարող են միավորվել մեկ դաշինքում

2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր քաղաքական դաշտը դաշինքներ կազմելու ակտիվ քննարկումների մեջ է: Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախորդ վարչությունը կտրականապես դեմ էր դաշինքներով ընտրություններին մասնակցելուն, Գյումրու և Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո վերանայել է իր մոտեցումը, և այս օրերին կուսակցության վարչության նոր նախագահ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն ակտիվ հանդիպումներ է ունենում։

Կուսակցությունը, սակայն, դեմ է կարճաժամկետ դաշինքներին, կարևոր է համարում հետագայում մեկ ընդդիմություն դառնալու գաղափարը։

Քննարկվում է դաշինքների մի քանի սցենար, ամենահավանական տարբերակը «Քաղաքացիական պայմանագիր»-«Հանրապետություն» դաշինքի սցենարն է։

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը, ով նաև ներկա էր ՔՊ-ի արտահերթ համաժողովին, բազմիցս հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին պատրաստվում է մասնակցել դաշինքով և կգործակցի այն ուժերի հետ, որոնք դեմ են Եվրասիական տնտեսական միությանը։

Նիկոլ Փաշինյանը թեպետ հիմա ԵՏՄ-ից դուրս գալը սխալ է համարում, այդուհանդերձ՝ խորհրդարանում դեմ է քվեարկել այդ նախագծին։

Այս ուժերին հնարավոր է` միանա նաև Եվրաասոցացման ջատագով «Ժառանգություն»-ը, որը նախօրեին քաղխորհրդի ընդլայնված նիստ է անցկացրել և հայտարարել ընդդիմադիր դաշտի միավորման անհրաժեշտության մասին, թեպետ «Ժառանգության» մասով միանշանակ չէ «Քաղաքացիական պայմանագրի» ցանկությունը։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը թերթի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունը, որ այժմ բանակցություններ են տանում ընտրություններին դաշինքով մասնակցելու համար, սակայն գործընթացին չվնասելու համար անուններ չի հրապարակել` ավելացնելով, որ ոչ հաստատում է, ոչ հերքում «Քաղպայմանագրի» և «Հանրապետություն» կուսակցությունների բանակցությունների մասին տեղեկությունը: Մարտիրոսյանն ավելացրել է նաև քննարկվել է նաև այն հարցը, թե որ ուժերի հետ ոչ մի դեպքում չի գործակցի կուսակցությունը: