27-01-2015 15:37

Գյումրիի դեպքը կփոխի արտերկրում ռուս զինծառայողների նկատմամբ պահանջները

Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարությունը բարձրացրել է արտերկրում տեղակայված զորամասերում եւ միավորումներում ծառայության թեկնածուների նկատմամբ պահանջները: «Նրանց համար խստացվել է կրթական որակավորումը. այժմ արտերկրում ծառայել կարող են միայն առնվազն լիարժեք միջնակարգ կրթություն ունեցող հավակնորդները, առավելություն կստանան բարձրագույն կրթություն եւ միջին մասնագիտական կրթություն ունեցողները», - «ՏԱՍՍ»-ին հայտարարել է Կենտրոնական ռազմական շրջանի զորքերի հրամանատարի օգնական Յարոսլավ Ռոշուպկինը: Նրա խոսքով՝ նաեւ ուժեղացվել են զինծառայողների առողջական վիճակի նկատմամբ պահանջները, ավելի մեծ ուշադրություն է դարձվում մասնագիտական հոգեբանական թեստերի արդյունքներին: Արտերկրում տեղակայված միավորումները կամ զորամասերը համալրվում են միայն պայմանագրային զինծառայողներով: Արտերկրում տեղակայված զորամասերում թեկնածուների առավել մանրամասն ընտրության հարցը հատուկ արդիականություն է ստացել Գյումրիի ողբերգությունից հետո: Հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: