15-08-2014 11:04

Թոխմախի Մհերին ուզում են ՛՛գծերից քցել՛՛. ՛՛Հրապարակ՛՛

՛՛Հրապարակ՛՛-ը գրում է. «Հանրահայտ Թոխմախի Մհերը որքան էլ հայտարարի, որ իր դեմ խաղ չկա, եւ ոչ ոք չի կարող իրեն «գծերից գցել», նրա դեմ դավերը շարունակվում են, ամեն ինչ արվում է, որ նրան մեկուսացնեն:

Անգամ լուրեր են շրջանառվում, որ այդ ամենը տեղի է ունենում վարչապետ Հովիկ Աբրահամյանի «քավորությամբ», ում հորդորով էլ իշխանական, իշխանամերձ եւ ոչ միայն այդ շրջանակներից ոմանք իրենց հարաբերությունները սառեցրել են Թոխմախի հետ: Գեներալներ Սեյրան Սարոյանի ու Մանվել Գրիգորյանի հարաբերություններն իրենց վաղեմի «ախպոր» հետ նույնպես առաջվա ջերմությունը չունեն: Վիճակն այն աստիճան է սրվել, որ, ասում են՝ Մհերը որոշել է ոտը կախ գցել եւ որդու հարսանիքը հնարավորինս հետաձգել, երբ արշալույսները խաղաղվեն, որովհետեւ կասկածներ ունի, որ իր օջախի առիթն այնպես չի հարգվի իշխանության վերնախավի կողմից, ինչքան կարող էր:

Հիշեցնենք, որ նրա որդին, որը նաեւ Երեւանի ավագանու անդամ է, դեռ մայիսին նշանվել է «Բելաջիո» ռեստորանային համալիրի տնօրեն Գրիշ Մարգարյանի եղբոր՝ Սերժ Մարգարյանի աղջկա հետ:

Մեզ դեռ օրեր առաջ լուրեր հասան, որ Էրեբունիում մեկ ամիս առաջ տեղի ունեցած ռազբորկան՝ Երրորդմասցի Լյովիկի մասնակցությամբ, շատ ջուր է քաշելու. գողականների շրջանում բունտ է հասունանում Մհեր Սեդրակյանի դեմ: Քրեական աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկը, ով Հովիկ Աբրահամյանի ու նրա որդու մտերիմն է, չի կարողանում վիրավորանքը կուլ տալ: