Բավ է պառակտվել
07-05-2016 13:36

Տոնոյան. Ռուսաստանից սպառազինության ձեռք բերման հարցում որևէ խոչընդոտ կամ բարդություն չկա

Ըստ փոխնախարարի` աշխատանքներ են տարվում փոխադրումներն արագացնելու համար, այսինքն՝ ավելի արագ, քան ծրագրված է պայմանագրային պարտավորություններով

Միջպետական վարկի շրջանակում Հայաստանի կողմից սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռք բերման հարցում որևէ խոչընդոտ կամ բարդություն չկա, ասել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

«Դեռ ավելին, նոր իրավիճակում աշխատանքներ են տարվում փոխադրումներն արագացնելու համար, այսինքն՝ ավելի արագ, քան ծրագրված է պայմանագրային պարտավորություններով: Այս առումով խոչընդոտներ չկան: Մեր մասնագետներն արդյունավետ կերպով աշխատում են ռուս գործընկերների հետ»,- նշել է Տոնոյանը:

Պատասխանելով այն հարցին, որ այժմ քննարկվում է Չինաստանից զենք ձեռք բերելու հարցին, փոխնախարարը նկատել է, որ ցանկացած տեսակի ռազմական տեխնիկայի ձեռք բերումն ինքնանպատակ չէ: Նրա խոսքով` ԶՈԻ կարիքները ձևավորվում են կոնկրետ կարողություններ ունենալու պահանջարկից, օրինակ` խոցման N հեռահարության կամ N խտության միջոցներ:
«Ամենևին էլ կարևոր չէ, թե որ պետության արտադրանքը դա կլինի. այստեղ գործում է տեխնիկական չափորոշիչներ-որակ-գին տրամաբանությունը, և ՀՀ պաշտպանության նախարարությունը դիտարկում է բոլոր հնարավորությունները»,- հայտնել է նա:
Նա նաև հայտնել է, որ զենքի առևտրի շուկան թեև Հայաստանի համար բաց շուկա է, այդուհանդերձ ԵՄ անդամ երկրներում և ԱՄՆ-ում գործում են ռազմական նշանակության որոշ արտադրանքի արտահանման քաղաքական սահմանափակումներ հակամարտության մեջ գտնվող երկրների համար:
Անդրադառնալով այն հարցին, որ քննարկվում է մայիսյան եռատոնի օրերին Ադրբեջանի կողմից լայնածավալ գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը, Տոնոյանը հաստատեց, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է իրադրության ցանկացած զարգացման, ցանկացած ուղղությամբ և ցանկացած պահի: Համենայնդեպս՝վերջին 20 տարվա ընթացքում ծավալման բնույթով Ադրբեջանի ԶՈԻ-ն առաջին անգամ ռազմական հռետորաբանությանն ու հոխորտանքներին զուգահեռ անցել է «ամուր պաշտպանության»:Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմն էլ հայտարարում է, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։