01-05-2015 15:36

Օբաման իր հայտարարությամբ ըստ էության ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը. Թոմ դը Վաալ

Վաշինգտոնի Քարնեգիի հիմնադրամում կայացան քննարկումներ նվիրված հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարներին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներից հետո: Քննարկման մասնակիցների կարծիքով՝ ողջ աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում այդ միջոցառումները որոշակի չափով ոգևորեցին հայ ժողովրդին: Վերլուծելով քաղաքական գործընթացները՝ Լեհայի համալսարանի դասախոս Հենրի Բարքին, ով աշխատել է ԱՄՆ Պետդեպի քաղաքական ծրագրավորման բաժնում, ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ թեև ԱՄն նախագահ Բարաք Օբաման չի օգտագործել «Հայոց Ցեղասպանություն» բառակապակցությունը, սակայն այն պաշտոնական Անկարայի կողմից կոշտ քննադատության է արժանացել: Իր հերթին Քարնեգիի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ղեկավար Թոմ դը Վաալը համոզմունք հայտնեց, որ Օբաման իր հայտարարությամբ ըստ էության ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը առանց համապատասխան եզրույթը օգտագործելու: «Միանշանակ դա մի անձնավորության հայտարարություն է, ով հավատում է նրան, որ Հայոց Ցեղասպանությունը տեղի է ունեցել և ցանկանում օգտագործել այդ բառը, սակայն քաղաքական պատճառներով որոշել է չանել դա», - ընդգծեց դը Վաալը: