10-03-2014 14:34

Խախտումներ ՏԻՄ ընտրությունների ժամանակ. ոստիկանությունը ՛՛տեղից անգամ չշարժվեց՛՛

Երեկ, մարտի 9-ին Հայաստանում տեղի են ունեցել Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ներկայացնելով իր դիտարկումները մարտի 9-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ՝ հայտարարեց, որ ՏԻՄ խնդիրները քաղաքական ուժերի օրակարգային հարց չեն ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերի համար:

Նա նշեց, որ դա փաստ է: ՛՛Ինձ համար կան միայն քաղաքացիներ, նախաձեռնող խմբեր, որոնք իրենց վրա պարտավորություն են վերցնում ինչ-որ մեկին առաջադրել, և այսպես մասնավոր դեպքերում հաջողություն է գրանցվում»,- նշեց նա:

Ըստ Սաքունցի Տավուշի մարզում, ընտրությունների ընթացքում ոստիկանությունը բացարձակ անգործության էր մատնված, հանձնաժողովի անդամները նույնպես:

Նա փաստեց, որ հանձնաժողովը բազմակուսակցական էր, բայց քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ երևում էր, որ հանձնաժողովում կուսակցական մեծամասնություն կար, զգալի մասը հանրապետական կողմնորոշման էր, և հերթական անգամ ականատես եղանք այնպիսի գործիքների կիրառմանը ընտրություններին, երբ իրավապահ մարմիններն անգործության էին մատնված:
Վերջինիս համոզմամբ՝ Հայաստանում ընտրական գործընթացները կայացած չեն. «Մենք խոսում ենք եզակի բացառությունների մասին, որոնք ընդհանուր օրինաչափությունից դուրս են: Համայնքներում ոչ ՀՀԿ-ական թեկնածուների հաղթանակներն ավելի շուտ բացառություն են»:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանն էլ նշեց, որ ընդդիմությունը պարտավոր է մասնակցել բոլոր մակարդակի ընտրություններին, ինչքան էլ հիասթափված լինի:

«Համայնքներում տեղական ինքնակառավարման ընկալումը չափազանց թերի է: Համայնքի բնակիչները պատրաստ չեն իրենց համայնքային խնդիրները քննարկել, համայնքապետից հաշիվ պահանջել»,- ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է ընտրախախտումներին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Տիգրան Եգորյանը տեղեկացրեց, որ արձանագրվել են կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտող խնդիրներ, օգտագործվել են ավանդական մեթոդներ, ինչպիսիք են քվեարկության ժամանակ քվեարկողին օգնելը։