Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը փոշմանել է, և վայր չի դնի պատգամավորական մանդատը: Իր տարածած հայտարարության մեջ պատգամավորը նշել է, որ խորհրդակցությունների շարք է ունեցել խորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ղեկավարների ու ներկայացուցիչների հետ ու գնահատում է նրանց զորակցությունը:
«Ըստ էության ցանկանում եմ նշել, որ իմ ու թիմակիցներիս նկատմամբ քաղաքական պայքարի նորմերից դուրս արված հակառակորդների հարվածները իրենց նպատակակետին չհասան:
«Գոտկատեղից ներքև», անձնական վիրավորանքներով և մեր ազգին անհարիր կերպով ընտանիքներին ու հարազատներին վիրավորող մեթոդներով գործողները նենգ ու թույլ մարդիկ են, իսկ նրանց օգտագործողները ուղղակի թույլերի թիկունքում թաքնվողներ:
Վերջին շրջանում իմ նկատմամբ կիրառվող այդ բոլոր մեթոդների հեղինակները թող իմանան, որ ժողովրդանպաստ ելույթները, օրենսդրական նախաձեռնությունները, քվեարկություններն ու ամենօրյա աշխատանքը խորհրդարանում շարունակելու եմ: Իսկ հաջորդիվ նպատակահարմար եմ գտնում մեծ ու ժողովրդականություն վայելող այնպիսի մի քաղաքական թիմի հետ միավորումը, որում լուրջ պոտենցիալի առկայությունը շրջադարձ կբերի հայաստանյան իրականության մեջ», -նշել է նա:
Հիշեցնենք՝ պատգամավորը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Գործընկերները, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ չի հավատում, թե Ուրիխանյանը նման բան կանի: