Բավ է պառակտվել
17-03-2015 12:00

Տիգրան Ուրիխանյանը պահանջում է զրկել իրեն անձեռնմխելիությունից

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ Վարչական դատարանի որոշմամբ ենթարկվել է պատասխանատվության։ Նա նշել է, որ դատական կարգով իրեն պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է իրեն նախապես զրկել ՀՀ ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունից: Այս մասին ասվում է պատգամավորի հաղորդագրությունում, որը մեջբերում ենք ամբողջությամբ. «Ուրեմն, ինչ է ստացվում` մաքուր կենսագրությամբ մարդու նկատմամբ էլ ճնշում գործադրելու ուրիշ միջոց չեն գտնում: Իբր 2012թ.-ին կատարված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար (ուշադրություն՝ 3 տարի անց, առանց որևէ ծանուցման, առանց որևէ ընթացակարգի) երկու օր առաջ ՀՀ Վարչական դատարանի որոշմամբ ենթարկվել եմ պատասխանատվության, ինչն օրենքով ուղղակի արգելված է: Ընդ որում, որոշումը երկու օր առաջ եմ ստացել ֆինանսական «մախինացիաների» մեջ ընկած, անհայտ կորած և աշխատանքից արդեն ազատված դատավոր Ռ. Սարգսյանի ստորագրությամբ: Եվ եթե սա իմ նկատմամբ ճնշման փորձ է, ապա պահանջում եմ, որ այս դեպքում ևս պահպանվի օրինականությունը, այն է՝ դատական կարգով ինձ պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ինձ նախապես զրկել ՀՀ ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունից: Ակնկալում եմ, որ ՀՀ Գլխավոր դատախազը օրենքի և կարգի համաձայն առաջիկայում կմտնի Ազգային Ժողով և ԱԺ-ն քվեարկությամբ կզրկի ինձ անձեռնմխելիությունից: Իսկ, որ այս ամենը առնչվում է ժողովրդին տուգանքային ռեկետի ենթարկելու դեմ պայքարող պատգամավորի նկատմամբ, եզրակացությունները թողնում եմ հանրությանը»: