16-02-2016 17:05

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի կառավարության կայքը։
«Մենք վերջին անգամ հանդիպել ենք, երբ Դուք դեռ գլխավորում էիք Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ այժմ Դուք ընդհանրապես մեծ ղեկավար եք՝ ղեկավարում եք վերազգային մարմին, որը ղեկավարում է այլ կառավարությունների գործունեությունը, մասնավորապես՝ մեր եվրասիական խորհուրդը»,- ասել է Մեդվեդևը և հաջողություններ մաղթել Տիգրան Սարգսյանին:
Նա նշել է, որ դա թեկուզ բարդ, բայց, իր կարծիքով, հետաքրքիր աշխատանք է, քանի որ ուղղված է ինտեգրմանը, մեծ արդյունքների ձեռքբերմանը, որոնք շահավետ են Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրներին։
Դմիտրի Մեդվեդևը հավելել է, որ նախատեսվում են բավական շատ հանդիպումներ՝ հաշվի առնելով կառավարությունների ղեկավարների մակարդակով տարբեր միջոցառումները։
«Մեզ համար, իհարկե, շատ կարևոր է լիարժեք աշխատանք հաստատել խորհրդի նոր կազմի հետ՝ արդի խնդիրները լուծելու համար։ Իսկ դա նաև նորմատիվային հիմքի կատարելագործումն է, այնտեղ շատ փաստաթղթեր են կուտակվել, որոնք հարկավոր է ընդունել, դրանք բոլորը ենթակա են համաձայնության, դա հեշտ գործ չէ, ինչպես նաև ամենատարբեր, երբեմն շատ դժվար իրավիճակներում հանգուցալուծումներ գտնելն է, որոնք առաջանում են Եվրասիական միության տնտեսական կյանքում և այլ խնդիրների պատճառով»,- ասել է ՌԴ վարչապետը:
Մեդվեդևը նշել է, որ ինքը ներկայում խորհրդակցություններ է անցկացնում այդ թվում նաև Եվրասիական միության գործընկերների հետ։ Նա նշել է, որ խնդիր է առաջացել Ուկրաինայի հետ՝ տարանցիկ բեռների մատակարարման, Ուկրաինայի տարածքով դրանց տեղափոխման հետ կապված:
«Մենք ստիպված ենք նաև պատասխան քայլեր ձեռնարկել։ Այդ ամենը նույնպես այն հարցերի մեջ է մտնում, որոնք անհրաժեշտ է համաձայնեցնել նաև ԵՏՄ ձևաչափում»,- ասել է Մեդվեդևը:
«Ես գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը, որը դրված է ինձ վրա, մեր երկրների կողմից լուրջ սպասումները, քանի որ և՛ մեր երկրների քաղաքացիները, և՛ բիզնեսը ցանկանում են ինտեգրումից իրական առավելություններ տեսնել, և մենք պետք է ցույց տանք, որ ինտեգրումն աշխատում է, և դա հավելյալ խթան կլինի ինտեգրացիոն գործընթացների համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
«Իհարկե, Ձեր աջակցությունն, անկասկած, կօգնի մեզ առավել արդյունավետ առաջ շարժվել: Ես շնորհակալ եմ, որ Դուք ասացիք, որ մեր հանդիպումները պարբերական են լինելու։ Դա անշուշտ կօգնի մեզ շատ հարցեր հնարավորինս արագ լուծել»,- հավելել է Տիգրան Սարգսյանը։