Բավ է պառակտվել
14-09-2013 00:01

The Wasinghton Post-ի անդրադարձը` Պուտինի աղմկահարույց հոդվածին

InoPressa կայքը ներկայացրել է The Washinghton Post-ի թղթակից Յուջին Ռոբինսոնի հոդվածը, ով անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադմիրի
Պուտինի` Սիրիայում ամերիկյան քաղաքականության մասին The New York Times-ում հրապարակված հոդվածին` այն անվանելով «կեղծավոր»: «Կարդալով
հոդվածը` ես արդեն պատկերացրի ռուս նախագահին գեղեցիկ վարդագույն ներքնազգեստով՝ ստեղնաշարի առաջ նստած»,- գրում է Ռոբինսոնը` ընդգծելով, որ
վարդագույն ներքնազգեստի գաղափարն իր մոտ ի հայտ է եկել Սանկտ Պետերբուրգում ցուցադրված վիճահարույց կտավը տեսնելուց հետո, որում Պուտինը պատկերված է
կանացի ներքնազգեստով։ Այդ կապակցությամբ հեղինակը հիշեցնում է, որ կտավի հեղինակ, նկարիչ Կոնստանտին Ալտունինը, սկանդալից հետո այժմ ապաստան է խնդրում
Ֆրանսիայից, որպեսզի խուսափի Pussy Riot խմբի աղջիկների ճակատագրից։ «Այդ իսկ պատճառով, երբ Պուտինը փորձում է դասախոսություն կարդալ «ամերիկացի ժողովրդին
ու նրա առաջնորդներին»՝ հանդես գալով բարոյական գերազանցության դիրքից, նրան անհնար է լուրջ ընդունել»,- շարունակում է հոդվածագիրը՝ նշելով, որ ինչ վերաբերում է
Սիրիային, ապա Բաշար ալ-Ասադի ռեժիմը մի շաբաթ էլ չէր կարող դիմակայել առանց Պուտինի օգնության։ «Վերադառնալով Պուտինի հոդվածին՝ առաջ է գալիս մի հետաքրքիր
հարց։ Արդյոք նախագահ Օբաման, ով համբերատար սպասում է սիրիական հակամարտության բազմազգ լուծմանը, իրոք առաջնորդվո՞ւմ է ամերիկյան բացառիկության գաղափարով:
Երբ մենք տեսնում ենք, թե ինչպես է 1400-ից ավելի կին, երեխա ու տղամարդ զոհվում թունավոր գազից, ապա մեզ բնորոշ չէ թիկունք դարձնել։ Մենք հարցնում ենք մեզ՝ կարո՞ղ
ենք ինչ-որ բան անել։ Հաշվի ենք առնում բոլոր ծախսերն ու առավելությունները, ռիսկերն ու շահը, և վերջում անում ենք այն, ինչ ներում են մեր ուժերը։ Ասադի ռեժիմին ռազմական
հարվածի բարոյական արդարացումը հիմնվում է այն փաստի վրա, որ եթե ԱՄՆ-ն ոչինչ չանի, ապա ոչ ոք ոչինչ չի անի։ Այո՛, պարոն Պուտին, կարող եք դա անվանել ամերիկյան
բացառիկություն։ Բայց անձամբ ինձ այն ավելի է դուր գալիս, քան ռուսականը»,- եզրափակում է Ռոբինսոնը։