Բավ է պառակտվել
24-12-2015 12:28

Մերկելը Պուտինի մասին տեղեկություններ է փոխանցել բրիտանական հատուկ ծառայություններին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում է ունեցել բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ: Ինչպես գրում է «The Times»-ը, հանդիպման ընթացքում, որին ներկա է եղել նաև Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, բրիտանացի հատուկ ծառայությունները Մերկելին տեղեկություններ են փոխանցել ԴԱԻՇ-ի զինյալների հետագա ծրագրերի վերաբերյալ, որի փոխարեն Մերկելը վերջինների հետ կիսվել է Պուտինի, Ուկրաինայում տիրող իրավիճակի և Ղրիմի անկայունության վերաբերյալ տեղեկատվությամբ: Հանդիպումը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի նստավայրում: Հանդիպմանը ներկա են եղել նաև Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավար Ալեքս Յանգերը, հակահետախուզության ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերն ու կառավարական կապի բրիտանական կենտրոնի տնօրեն Ռոբերթ Հաննիգանը:
Հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Մերկելին պատմել են այն մասին, թե ինչ սպառնալիք են ներկայացնում Եվրոպայի համար ԴԱԻՇ-ն ու ահաբեկչական մյուս կազմակերպությունները ու նրան տեղեկություններ հայտնել Սիրիայում ու Իրաքում կռվող օտարերկրացիների մասին:  Մերկելի ու բրիտանական հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը կայացել է 2015թ. հոկտեմբերին` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի ներկայությամբ։ Հայտնի է, որ Քեմերոնի կեցավայրում կայացած հանդիպման ժամանակ կողմերը որոշել են երկարաձգել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև համաձայնության են եկել այն հարցում, որ սիրիական հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով: The Times-ը նկատում է, որ Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի հատուկ ծառայությունները պարբերաբար պաշտոնական մակարդակով փոխանակվում են գաղտնի տեղեկություններով: Սակայն Մերկելի մասնակցությամբ նմանատիպ հանդիպումները խիստ հազվագյուտ բնույթ են կրում: