Բավ է պառակտվել
22-03-2017 13:17

Տեր-Պետրոսյան. Ղարաբաղյան կոնֆլիկտը լուծվելու է մոտ ժամանակներս

 

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով գլխավորում է «Կոնգրես-Հայաստանի Ժողովրդական կուսակցություն» նախընտրական դաշինքը, նշել է պատճառներ, ըստ որոնց Ղարաբաղյան հարցը լուծվելու է մոտ ժամանակներս, և կիսվել է իր տեսակետներով այն հարցի վերաբերյալ , թե ինչու հակամարտության փուլային լուծումն այլընտրանք չունի:

Կոնֆլիկտի լուծումը կախված չի հայկական կողմից.
«Ես չեմ առաջարկել ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման որևէ ծրագիր: Բայց նման ծրագիր չեն առաջարկում նաև իմ ընդդիմախոսները: Այդ ծրագիրը գոյություն ունի մեզանից անկախ: Խնդիրը ոչ թե մեզանում է, այլ Ադրբեջանի մեջ է: Խնդիրը կայանում է մեր և աշխարհակարգի հարաբերությունների մեջ»,- Հայաստանի Հանրային հեռուստաընկերության « Օրակարգից դուրս» հաղորդման ընթացքում հայտարարել է Տեր-Պետրոսյանը:
Նա հիշեցրել է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի անդամներ են, և որ այդ կառույցներն են որոշում հակամարտության կարգավորման սկզբունքները: Նա նաև հիշեցրել է, որ այս տարիների ընթացքում առաջարկվել են կարգավորման ինչպես փաթեթային, այնպես էլ փուլային միջոցներ, ընդ որում փաթեթայինները մերժվել են:
« Բոլոր երեք համանախագահները « օրհնել են» Մադրիդյան սկզբունքները, բայց չէ որ դրանք հանգեցնում են հետևյալին՝ տարածքների վերադարձ, կողմերի կողմից ուժի չկիրառման երաշխիք, Ղարաբաղի ինքնորոշման իրավունք, խաղաղապահ զորքերի տեղակայում»,- ասել է Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքերով կարգավորման գործընթացը առաջ է գնում, պարզապես կողմերը փորձում են պայմաններն իրենց համար մաքսիմալ շահավետ դարձնել: Սկզբում հակասությունները հսկայական էին, այժմ դրանց թիվը կրճատվել է հասնելով 1-2-ի:
«Դա բնական գործընթաց է, վաղ թե ուշ կողմերը կասեն կամ այո, կամ՝ ոչ: Բայց այդ պահը դեռ չի հասունացել: Եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ զիջումների գնալ, ապա բանակցություններին մասնակցություն չէր ունենա: Ընդունու՞մ է արդյոք նա Ղարաբաղի անկախությունը, թե՞ ոչ՝ դա ևս իրենից չի կախված: Դա որոշում են միջազգային կառույցները»,- հայտարարել է ՀՀ առաջին նախագահը:

Ինչու՞ հակամարտությունը մինչ օրս չի լուծվում.
«Մինչ օրս միջազգային հանրությունը հաշտվում էր այն մտքի հետ, որ գոյություն ունի «սառեցված» հակամարտություն, սահմանին պարբերաբար տեղի են ունենում ոչ մեծ բախումներ: Այն իրենց համար առաջնահերթություն չէ»,- նշել է նա և հավելել, որ իր կարծիքով հենց այդ է պատճառը, որ միջազգային հանրությունը բավականաչափ ջանք չի գործադրել ղարաբաղյան հարցի լուծման համար: Սակայն հիմա նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք իրեն լավատեսություն են ներշնչում այն իմաստով, որ այդ հարցը մոտ ժամանակներս անպայման լուծում կստանա:
«Չեմ կարող ասել, որ մոտակա օրերը, շաբաթները, կամ ամիսները, բայց այն կլուծվի»,- վստահ է Տեր-Պետրոսյանը:

Ի՞նչ է փոխվել.
« Վերջին մեկ ու կես, երկու տարում Ռուսաստանը ամենաակտիվ կերպով ներքաշվել է Մերձավոր Արևելքի գործընթացների մեջ: Եվ դա տևական գործընթաց է, ու հարցը միայն Սիրիայով չի ավարտվում: Կան հարցեր կապված Իրաքի, Լիբանանի հետ: Այդ պայմաններում նա (Ռուսաստանը) չի կարող թույլ տալ, որ թիկունքից՝ այսինքն Անդրկովկասի կողմից ,գոյություն ունենա նման պայթյունավտանգ կետ»,- ասել է Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքերով հենց դրա հետ է կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Ռուսաստանի գործողությունների ակտիվացումը:
« Միջազգային հանրությունն ըմբռնումով է մոտենում այդ հարցին և խանդ չի դրսևորում: Բոլորը գիտեն, որ ղարաբաղյան հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքերում է: Եվ Արևմուտքը շնորհակալ կլինի Ռուսաստանին, եթե վերջինս լուծի այդ հարցը՝ ազատելով իրենց այդ գլխացավանքից»,- նշել է Տեր-Պետրոսյանը:
Նրա կարծիքով, մասնավորապես ապրիլյան պատերազմից հետո Արևմուտքը բարձր գնահատեց այն փաստը, որ կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի միջնորդությամբ:
«Ռուսաստանը թույլ չի տա այնպիսի որոշում, որը այս երկու երկրներից մեկի մոտ իր հանդեպ թշնամանք կարող է առաջացնել: Միևնույն ժամանակ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը կկատարվի երկրորդ փուլում: Ներկայումս քննարկվում է առաջին փուլը, որը կարելի է «կրակի մարում» անվանել»,- ասել է Տեր- Պետրոսյանը:
Իսկ դատավորնե՞րն ովքեր են.
«Իմ ընդդիմախոսների 99%-ը , այսպոս կոչված քաղաքագետներն ու վերլուծաբանները, լրագրողների մեծամասնությունը, նախկին քաղաքական գործիչներն ու դիվանագետները նույնիսկ պատկերացում չունեն կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հայաստանի իշխանությունները պատկերացում ունեն, և նրանք հետևում են այդ ծրագրին»,- գտնում է Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքերով Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Սերժ Սարգսյանը օր ու գիշեր բանակցություններ են վարում, հետևողականորեն իրագործում են այդ ծրագիրը, և ճիշտ չէ դավաճան անվանել բոլոր նրանց, ովքեր հետևում են դրան:
« Դուք տեսաք, թե ինչ տեղի ունեցավ ապրիլին, և էլի ինչեր կարող են լինել: Ապրիլյան իրադարձությունները սթափեցրեցին աշխարհը, բարձրացրեցին այդ հարցի հանդեպ հետաքրքրությունը: Եթե այդ հարցը չլուծվի, դեռ քանի-քանի նման «ապրիլ» է մեզ սպասվում: Դեռ ինչքա՞ն զոհ պետք է տա հայ ժողովուրդը»,- հարց է տալիս Տեր-Պետրոսյանը:
Նա այդ զոհերն անիմաստ է կարծում, քանի որ այլ որոշում չկա:
« Գոյություն ունեցող ստատուս-քվոն իր մեջ շրջափակման, ռազմական գործողությունների վերսկսման, սահմանին նոր զոհերի վտանգներ է պարունակում: Նման պայմաններում հնարավոր չէ հզորացնել բանակը, բարձրացնել կենսաթոշակները, կանգնեցնել արտագաղթը»,- հայտարարել է Տեր-Պետրոսյանը:

Ադրբեջանին ոչ մի շանս չթողնել.
« Եթե Հայաստանը վճռականորեն հայտարարի, որ պատրաստ է ստորագրել այս փաստաթուղթը՝ Ադրբեջանը չի կարողանա հրաժարվել, քանի որ այդ դեպքում միջազգային հանրության ճնշումները կուղղվեն իր դեմ: Հիմա համանախագահներն օգտվում են այն հանգամանքից, որ Հայաստանն էլ պատրաստ չէ ստորագրել այդ փաստաթուղթը»,- նշել է Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքերով հենց դրանով է բացատրվում նրանց հայտարարությունների անհասցեական և լղոզված լինելը:
« Դա մեզ համար անվտանգության լուրջ երաշխիք կդառնար. Այդ դեպքում Ադրբեջանը չի կարողանա ցանկացած պահի խախտել հրադադարի ռեժիմը: Ընդ որում պատրաստակամություն հայտնելը բավական չէ, պարզապես հարկավոր է ստորագրել»,- ասել է Տեր-Պետրոսյանը:
Նա հայտնել է, որ նախագահ եղած ժամանակ Ադրբեջանի հետ բանակցություններին մի քանի անգամ կիրառել է այդ հնարքը՝ ձևացրել է, որ պատրաստ է ստորագրել փոստաթուղթը՝ Ադրբեջանի նախագահին դնելով անելանելի դրության մեջ:
« Ընդ որում ես խոսել եմ այն մասին, որ անհրաժեշտ է հենց առաջին փուլում որոշել Ղարաբաղի կարգավիճակի հստակեցմանն ուղղված հանրաքվեի անցկացման բոլոր պայմանները՝ անցկացման ժամկետները, հարցը, արդյունքների լիազորությունը»,- ասել է Տեր-Պետրոսյանը:
Ցանկացած գաղտնիք մի օր բացահայտվում է.
«Ես գիտեմ, թե որ պահին Ղարաբաղը բանակցությունների մասնակից կդառնա, բայց չեմ ասի: Ինչևէ, այդ ժամանակն անպայման կգա: Ես չեմ կարող նաև բարձրաձայնել այն հակասությունների մասին, որոնք մնացել են Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ մասին կարող են ասել միայն իշխանությունները»,-նշել է Տեր-Պետրոսյանը:
Նրա կարծիքով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն իրենց իշխանություններից պետք է պահանջեն այս հարցի լուծումը:

Հայաստանն Ադրբեջանին տարածքներ է վերադարձնում, իսկ ի՞նչ կստանա փոխարենը.
« Մենք տարածքները վերադարձնում ենք ոչ թե Ադրբեջանին, այլ միջազգային ատյաններին, որոնք դա մեզնից պահանջում են: Մենք պարտավոր ենք ենթարկվել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի պահանջներին: Մենք Ադրբեջանի հետ գործ չունենք: Նվաճում է նաև այն փաստը, որ միջազգային հանրությունը ճանաչում է հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասել է Տեր-Պետրոսյանը:
Նա շատ կարևոր է համարում նաև այն, որ միջազգային հանրությունը համաձայնեց բացառություն անել Լաչինի միջանցքի հարցում՝ գիտակցելով, որ Ղարաբաղի անվտանգությունն ու տնտեսական զարգացումը հնարավոր չի լինի ապահովել առանց Հայաստանի հետ ցամաքային հաղորդակցության:
« Այդպիսով Ադրբեջանը ստիպված կլինի հսկայական զիջումների գնալ: Փորձեք իրավիճակին իրենց կողմից նայել: Ադրբեջանը նաև ընդունում է, որ պայմանագրի կատարման երաշխիքը լինելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանը»,- նշել է Տեր-Պետրոսյանը:
Հետագայում, նրա խոսքերով, Ղարաբաղի տարածքի և Լաչինի միջանցքի հանդեպ ցանկացած ոտնձգության դեպքում Հայաստանը օրինական հիմքերով կարող է միջամտել և կանխել դրանք: