Բավ է պառակտվել
21-05-2014 17:42

Տակտ ու էթիկա չունեք, ուրիշի փողերն էլ հաշվելը հեշտ գործ է. Հ. Աբրահամյան

Այսօր Ազգային Ժողովի նիստին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ասելով, թե Կառավարության ծրագրում հնչեղ խոսքեր են ներկայացված:
«Սերժ Սարգսյանը ժամանակին հայատարարել էր, որ գործարարությունը պետք է տարանջատվի Կառավարությունում պաշտոն զբաղեցնելուց, պաշտոնատար անձի գործունեություն ծավալելուց, բայց դուք ունեք 5,5 մլն դոլարի ունեցվածք, Գագիկ Խաչատրյանը հայատարագրել է 6, 5 մլն դոլար, Դավիթ Հարությունյանը ունի մի քանի առանձանտուն: Այս ցանկը կարելի է շարունակել: Դուք բոլորդ այդ ողջ ընթացքում պետական պաշտոնյաներ եք եղել, ո՞նց եք աշխատել այդ գումարները, եթե բիզնեսով չեք զբաղվել: Երկրորդ, դուք 5 տոկոս տնտեսական աճի թիրախն եք նշել ձեր ծրագրում ու նշում եք, որ դա նվազագույնն է: Բայց նվազագույնը սահմանել է Սերժ Սարգսյանը 2013-ինˋ ասելով, որ ՀՀ Կառավարությունում 2013-2017 թթ-ին, եթե Կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ չապահովի, ապա հրաժարականի դիմում թող տա: Հիմա Նաջարյանի ասածը ձեզ համար ինչ նշանակություն ունի, էս 5 տոկոսը ձեր հրաժարականի դիմումն է»,-նկատեց Փաշինյանը:
Իսկ Հովիկ Աբրահամյանը որակեց պարոն Փաշինյանին սուր քննադատող եւ ասաց, որ անկախ նրանից, թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանը, նա չի հուսալքվում:
«Շատ մեծ տարբերություն կա գործ անողների եւ խոսողների միջեւ: Ինչու՞ եք գործարարներին վատ վերաբերվում: Գործարարների շնորհիվ է, որ դուք այստեղ նստած եք եւ աշխատավարձ եք ստանում: Գործարարների շնորհիվ է դպրոցների, հիվանդանոցների կառուցում լինում, նրանց վճարած հարկերի շնորհիվ է, որ թոշակառուները թոշակ են ստանում, կրթության, առողջապահության ոլորտում, բանակում մեր սպառազինությունների համար գումարներ են ծախսվում: Ինչու՞ եք փորձում գործարարներին հանրության առջև դարձնել բոբոներ: Այո, ես ունեմ ունեցվածք եւ ես չեմ թաքրցել: Ես հայտարարագրում ներկայացրել եմ, բայց այդ ունեցվածքը ձեռք եմ բերել, երբ հողագործությամբ եմ զբաղվել եւ չեմ եղել Կառավարությունում, կամ Ազգային Ժողովում: Օրենքի տառին համապատասխան եմ ձեռք բերել այդ ամենը»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նրան հակադարձելով Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե այդ ո՞նց է, որ Հայաստանում բոլոր գյուղացիները հող են մշակում, տոկոսի տակ են ընկնում, իսկ Հովիկ Աբրահամյանը հող մշակելով միլիոնների ունեցվածք է ձեռք բերել:
«Ուզում ենք հասկանալ դուք հիմա գործարար եք, թե՞ Կառավարության անդամ »,-ասաց Փաշինյանը, որից հետո հարցուպատասխանը վերածվեց վիճաբանությանը:
«էթիկա չունեք, տակտ չունեք, որ լսեք: Ու հիշեք, որ ուրիշի փողերը միշտ հեշտ է հաշվելը»,-փաստեց Աբրահմայանը: