22-01-2014 16:26

Ստեփանակերտում տեղի է ունեցել կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում այսօր տեղի է ունեցել օրեր առաջ ադրբեջանական դիվերսիոն խմբերի հարձակումը կասեցնելու ժամանակ հերոսաբար նահատակված ԼՂՀ պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությունը, որին մասնակցել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Բակո Սահակյանը ԼՂՀ իշխանությունների և ժողովրդի անունից խորին ցավակցություն է հայտնել Հովհաննիսյանների ընտանիքին` երիտասարդ զինվորի անդառնալի կորստի կապակցությամբ:

ԼՂՀ Նախագահի խոսքով` Արմեն Հովհաննիսյանը և նրա մարտական ընկերները ցույց տվեցին հայրենիքին անմնացորդ նվիրվածության և ռազմարվեստին գերազանց տիրապետելու փայլուն օրինակ՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ Արցախի Հանրապետության զինված ուժերն ի վիճակի են կասեցնել հակառակորդի կողմից ագրեսիայի ցանկացած դրսևորում:

Բակո Սահակյանն Ադրբեջանի պահվածքը համարել է խիստ ապակառուցողական ու ահաբեկչական և ընդգծել, որ այն մեծ հարված է հասցնում տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: