11-10-2014 13:40

Ստյոպա Սաֆարյանը՝ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և քաղաքականության մասին

Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ նախագահ Ստյոպա Սաֆարյանը եղել և մնում է այն կարծիքին, որ այս եռյակի կազմակերպած հանրահավաքի պրոցեսները ուղղված են 2017-2018 թթ. ընտրություններին: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի տեսակետ հայտնեց փորձագետը՝ շարունակելով, թե ինքը դրան քննադատաբար չի վերաբերվում:
Ըստ նրա՝ արատավոր է, երբ այդ օբյեկտիվ ռազմավարությունը հանրությանը մատուցվում է, թե հիմա իրենք իշխանափոխություն են պահանջում:
՛՛Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեցին երկարատև պայքարի մասին, իսկ Գագիկ Ծառուկյանի ելույթ չունենալը խոսում է նրա չշտապելու մասին՛՛,-ասեց նա ու հավելեց, որ ոչ մի քաղաքական ուժի չի մեղադրում:
՛՛Ցավալի է, որ այդ կարևորագույն օրով նրանք հայտարարում են, թե առաջիկա ամիսներին էլ իրենք չեն խոսելու Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, այն պարագայում, երբ չափազանց սրվել են արտաքին մարտահրավերները: Իսկ չեն խոսում արտաքին քաղաքականությունից, քանի որ չեն էլ պատրաստվում պայքարել այդ դաշտում»,- հայտարարեց փորձագետը:
Ստյոպա Սաֆարյանն ասաց, թե քառյակի քաղաքական հոսանքը շատ հստակ դարձրեց, որ հանրահավաքի դրությամբ չկա ամբողջական օրակարգ, միասնական օրակարգ:
Երեկվա հանրահավաքում եկան ասելու, որ շարժումը սկսվել է, այդ շարժումը երկարատև է լինելու, և հաջորդ անգամ կասենք, թե մեր անելիքը որն է լինելու»,- ամփոփիչ գնահատական տալով հոկտեմբերի 10-ին խորհրդարանական ոչ իշխանական ուժերի հրավիրած հանրահավաքին՝ ասաց Ստյոպա Սաֆարյանը: